Երևանի քաղաքապետը 3-ի փոխարեն 4 տեղակալ կունենա, որը կղեկավարի աշխարհազորային բրիգադը (տեսանյութ)
Ազգային ժողովն արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ քննարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց, որ առաջին նախագծով կհստակեցվի տեղակալի գործառույթները, այդ թվում ռազմական իրադրությունների ժամանակ և հստակ կձևակերպի նրա պարտականությունները աշխարհազորային աշխատանքների կազմակերպման և իրականացման պարագայում:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերով նախատեսվում է, որ Երևանի քաղաքապետը 3-ի փոխարեն 4 տեղակալ կունենա, որը կղեկավարի աշխարհազորային բրիգադը։ «Չորրորդ տեղակալը մշտական կլինի, քանի որ աշխարհազորի հետ կապված խնդիրները որոշակի ծավալով և բովանդակությամբ մեծանում են, փոխվում են, բայց ոչ այդ իրավիճակում այն ևս ենթադրում է որոշակի աշխատանքներ»,-ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը հարցրեց, թե քննարկել են, թե որ գործող տեղակալներից մեկի վրա պետք է դրվի այդ պարտականությունը, քանի որ պատերազմական ժամանակահատվածում բոլորը զբաղված են պատերազմի խնդիրներով և ոչ թե նոր տեղակալի հաստիք ավելացվի, Վաչե Տերտերյանն ասաց, որ, մասնավորապես Տիմ-ի պարագայում նոր հաստիք չեն ավելացնում, այլ ասում են, որ կարող է ունենալ տեղակալ կամ տեղակալներ, որոնց վրա կդրվի այս պարտականությունները:
Իսկ Երևանի դեպքում մեկ տեղակալի հաստիք ավելացրել են և սրանով թույլ են տվել, որ համայնքները, ինչպես նախկինում, իրենք որոշեն և՛ աշխատակազմի, և՛ կառուցվածքի տրամաբանության շրջանակներում գործեն: Այսպիսով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ընդունվեց միաձայն՝ 68 կողմ ձայնով, իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 69 կողմ և մեկ ձեռնպահ ձայներով:










