Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով 16 մարդ է զոհվել

10:22 • 02.11.20

Ֆիլիպիններում «Գոնի» թայֆունի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, ևս 3-ն անհետ կորել է: Այս մասին տեղեկացնում է Rappler հրատարակությունը` հղում տալով Բիկոլի շրջանի քաղաքացիական պաշտպանության վարչությանը:

Ներկայացված տվյալների համաձայն՝ մահացածներից 10-ը, որոնց թվում է նաև 5-ամյա մի երեխա, ապրում էր Ալբայ նահանգում: Բոլոր 3 անհետ կորածները երկրի Գինոբատան շրջանից են: Բացի այդ 6 մարդ մահացել է Կատանդուանես նահանգում: Տեղեկացվում է նաև 1 տուժածի մասին:

Ազգային խորհրդի տվյալներով ՝ թայֆունից տուժել է ավելի քան 372 000 ընտանիք կամ 2 միլիոն մարդ: Գրեթե 390 հազար մարդ տարհանվել է: Պատճառված վնասի չափը դեռ գնահատվում է:

Նշվում է, որ շուրջ 8,5 հազար տուն զրկվել է էլեկտրամատակարարումից: Շրջանի շատ ճանապարհներ փակվել են, ինչը խանգարում է փրկարար  ծառայություններին հասնել տուժած շրջաններ: