Թուրքիան թեժացնում է տարածաշրջանային հակամարտությունները. սաուդական կայքի անդրադարձը ԼՂ-ին

14:43 • 02.11.20

Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալված ռազմական գործողություններում թուրք զինվորների ներգրավվածության մասին հայտնում են նաև Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները:

Սուդական alyaum.com կայքը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը սիրիացի վարձկանների ներկայությանը, ընդգծել է, որ վարձկանների կողմից տարածված լուսանկարներն ու տեսաձայնագրությունները փաստում են, որ Թուրքիան անմիջականորեն մասնակցում է ռազմական գործողություններին։

«Թուրքիայի իշխանությունները հետևողականորեն վարձկաններ են տեղափոխել Ադրբեջան սեպտեմբերի 27-ից սկսած։ Թուրքիայի օժանդակությունն Ադրբեջանին չի սահմանափակվում միայն վարձկաններով։ Ռազմական գործողություններին մասնակցում են նաև թուրք զինվորներ, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերում առկա է մեծ քանակությամբ թուրքական ռազմական տեխնիկա»,-հավելել է կայքը:
 
Սաուդական Al-Madina-ն էլ գրել է, որ Թուրքիան, թեժացնելով տարածաշրջանային հակամարտությունները և վարձկաններ տեղափոխելով հակամարտությունների գոտի, ձգտում է նեոօսմանիզմի գաղափարախոսության ներքո ընդլայնել իր ազդեցությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։