Իսպանիայի Vox կուսակցությունը առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին՝ հորդորելով ԵՄ-ում աշխատանքներ տանել՝ ԼՂ հակամարտությանը Թուրքիայի միջամտությանը վերջ դնելու ուղղությամբ
Իսպանիայի Vox կուսակցությունը գրավոր առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով կառավարությանը հորդորում է Եվրոպական Միության ինստիտուտներում բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի միջամտությանը վերջ դնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
Ինչպես նշվում է գրավոր միջնորդության մեջ, կառավարությանը կոչ է արվում աշխատանքներ տանել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաև ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ անել հակամարտող կողմերին և խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Հիշեցնենք, որ իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որն այս օրերին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, կոչ է արել Թուրքիային դուրս հանել ՆԱՏՕ-ի կազմից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










