2021 թ. մեծածավալ աշխատանքներ են նախատեսված, ուստի ատոմակայանը 140 օրով չի աշխատի. Գարեգին Բաղրամյան (տեսանյութ)
Ոչ մի խուճապային տրամադրություն չկա, բոլոր ստանդարտ և նախօրոք պլանավորված աշխատանքները, որոնք նմանատիպ իրավիճակներում պետք է իրականացվեն, իրականացվում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանը հայտարարում էր, որ պատրաստ է ատոմակայանը թիրախավորել, և հարցին՝ ի՞նչ իրավիճակ է հիմա:
«Ռազմական դրության ժամանակ ատոմակայանին զուգահեռ աշխատում են նաև նմանատիպ հզորություններ, որ եթե անհրաժեշտ լինի կանգնեցնել կայանը, էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ չլինեն հանրապետությունում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է 140 օրով ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելուն, Բաղրամյանն ասաց, որ 2021-ին նախատեսվում է բավականին լայնածավալ աշխատանքների իրականացում, ինչով պայմանավորված էլ՝ ատոմակայանն իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի:
Հարցին՝ էլեկտրաէներգիայի գնային փոփոխություններ սպասվու՞մ են, Բաղրամյանն արձագանքեց, թե այս պահին կդժվարանա ասել որևէ թվային մեծություն, բայց ծանր բեռ է լինելու էներգահամակարգի հրամար: «ՀԷՑ-ի մասով կան դրական գործոններ՝ էլեկտրաէներգիայի կորստի նվազեցում, ծախսերի կրճատումներ: Այդ բոլորի համադրությամբ դեկտեմբերի 15-20-ին կունենանք որոշակի պատկեր»,-ասաց ՀԾԿՀ նախագահը:










