Եվրահանձնաժողովում մեկ րոպե լռությամբ հարգել են Ֆրանսիայում և Ավստրիայում ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը

16:43 • 03.11.20

Եվրահանձնաժողովում մեկ րոպե լռությամբ հարգել են Ֆրանսիայում ու Ավստրիայում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների հիշատակը, գրում է ria.ru-ն։

«Եվրոպական հանձնաժողովի անունից ցավակցություն ենք հայտնում և դատապարտում ենք այդ սարսափելի գործողությունները։ Այսօր, ավելի քան երբևէ մենք միասնության կարիք ունենք, և ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացունիչ Էրիկ Մամերը։

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:
Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան: