Ֆրանսիայի ոստիկանությունը Նիցցայում ահաբեկչության հետաքննության շրջանակում ևս 4 մարդ է ձերբակալել
Ֆրանսիայի իրավապահները Նիցցա քաղաքի Նոտր Դամ եկեղեցու մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության շրջանակներում ևս չորս մարդու են ձերբակալել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են Վալ-դ'Ուազ դեպարտամենտում: Ձերբակալվածներից մեկը՝ 29-ամյա տղամարդը, կասկածվում է հարձակում կատարած անձի հետ շփումների մեջ։ Մյուս երեքը ձերբակալվել են նրա բնակարանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին 21-ամյա թունիսեցին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։ Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։
Հետաքննության շրջանակներում ոստիկանությունն անցած շաբաթ ևս վեց մարդու Է ձերբակալել, սակայն մի քանի օր անց նրանցից երեքը ազատ են արձակվել: Հայտնի է նաև, որ ահաբեկչությունն իրականացնողը Նիցցա է ժամանել հարձակումից մի քանի օր առաջ:










