Երևանի քաղաքապետը 3-ի փոխարեն կունենա 4 տեղակալ, և տեղակալներից մեկը կղեկավարի աշխարհազորային բրիգադը. ԱԺ-ն ընդունեց նախագծերը (տեսանյութ)

13:01 • 03.11.20

Ազգային ժողովն արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկեց և ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում գրավոր առաջարկներ չեն ստացել: Նշենք, որ նախագծով կհստակեցվի տեղակալի գործառույթները, այդ թվում՝ ռազմական իրադրությունների ժամանակ և հստակ կձևակերպի նրա պարտականությունները աշխարհազորային աշխատանքների կազամկերպման և իրականացման պարագայում:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերով Վաչե Տերտերյանը նշեց, որ նույնպես գրավոր առաջարկներ չեն եղել: Այսպիսով՝ այս նախագծով նախատեսվում է, որ Երևանի քաղաքապետը 3-ի փոխարեն 4 տեղակալ կունենա, որը կղեկավարի աշխարհազորային բրիգադը։

Այսպիսով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ 73 կողմ ձայնով, իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 71 կողմ և մեկ ձեռնպահ ձայներով: