«Քաղաքապետը զբաղվում է Երևան ջոկատի կազմավորման հարցով». Սերգեյ Ներսեսյանը պարզաբանեց, թե ինչու չի ներկայացել Հայկ Մարությանը հանձնաժողովի նիստին (տեսանյութ)

11:27 • 03.11.20

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք բյուջեի քննարկմանը ներկայացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը պարզաբանեց, որ քաղաքապետը ներկայումս զբաղվում է Երևան ջոկատի կազմավորման հարցով: «Նրանք ներկայումս գտնվում են զորամասում վերապատրաստման փուլում են, որ պետք է մեկնեն սահման, այդ պատճառով քաղաքապետը չի կարողացել ներկա գտնվել»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը արձագանքեց, որ երեկ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ օրենք  է ընդունել, ըստ որի՝ քաղաքապետը նոր տեղակալ պետք է ունենա և աշխարհազորը գլխավորելու է Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկը: «Ես բոլորվին չեմ հասկանում, որ այսքան խնդիր կա Երևան քաղաքում՝ թե ապաստարանների, թե շինթույլտվությունների, թե ապօրինի շինարարությունների հետ, և ինչու մենք չպետք է դա քննարկենք գլխավոր պատասխանատուի հետ, այլ գլխավոր պատասխանատուն պետք է զբաղված լինի մի գործով, որը իր գործը չի իրականում»,-ասաց նա, իսկ քաղաքապետի տեղակալը նշեց, որ քաղաքապետը ֆիզիկապես չի կարող գալ, դրա համար է բացակայում: