«Պետք է միասնաբար դիմակայենք ատելությանն ու բռնությանը». Բայդենն արձագանքել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը

09:49 • 03.11.20

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը Վիեննայում տեղի ունեցած հրաձգությունից հետո հայտարարել է ատելությանը և բռնությանը միասնաբար հակազդելու անհրաժեշտության մասին:

«Վիեննայի այսօրվա հրեշավոր ահաբեկչությունից հետո Ջիլը (Բայդենի կինը) և ես աղոթում ենք տուժածների և նրանց ընտանիքների համար։ Մենք բոլորս միասնաբար պետք է դիմակայենք ատելությանն ու բռնությանը»,- Twitter-ում գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նվազագույնը 15 մարդ տուժել է, ևս երկուսը մահացել են։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:

Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան: