«Վիեննայում ոչնչացված ահաբեկիչն ԻՊ-ի աջակից էր». Ավստրիայի ՆԳ նախարար

10:03 • 03.11.20

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում ոչնչացված հրաձիգը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից էր, հաղորդում է ria.ru-ն։

«Հանցագործի վրա պայթուցիկ սարքի մուլյաժով գոտի է եղել, նա զինված է եղել հրացանով»,- առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նվազագույնը 15 մարդ տուժել է, ևս երկուսը մահացել են։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:

Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան: