«ՀՀ վարչապետը նախազգուշացնում էր Եվրոպային, որ եթե Էրդողանի դեմը չառնեք, թուրքերին կգտնեք Վիեննայի դարպասների մոտ». եվրապատգամավոր Մարկո Դրեոստո
Եվրոախորհրդարանի իտալացի պատգամավոր Մարկո Դրեոստոն Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ վերհիշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս հնչեցրած խոսքերը։
«Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացնում էր Եվրոպային, որ «եթե Էրդողանի դեմը չառնեք, թուրքերին կգտնեք Վիեննայի դարպասների մոտ»,- Twitter-ում գրել է Մարկո Դրեոստոն։
Դրեոստոն նշել է, որ դա տեղի ունեցավ «նույնիկ ոչ թե դարպասների մոտ, այլ Վիեննայի կենտրոնում»։
«Արթնացի՛ր, Եվրոպա»,- հավելել է եվրապատգամավորը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում նշել էր. «Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում»:










