Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալին ձերբակալել են Լինց քաղաքում

18:16 • 03.11.20

Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալը ձերբակալվել է երկրի հյուսիսային Լինց քաղաքում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ավստրիական Kronen Zeitung պարբերականին, ձերբակալվածին հանկարծակիի են բերել, և վերջինս դիմադրություն ցույց չի տվել:

Մյուս հրաձիգը վնասազերծվել է ոստիկանության կողմից նախօրեին: Նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ էր:

Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգությունն իրականացրել են մի քանի լավ զինված անձինք:  

Վերջին տվյալների համաձայն՝ կատարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Ստացած վնասվածքներից մահացել է 21-ամյա տղամարդ: Նա 4 փամփուշտ էր ստացել կրծքին:

Ներկա պահին 16 վիրավորներ հիվանդանոցներում են գտնվում, նրանցից ոմանց վիճակը ծանր է գնահատվում:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ավելի վաղ ժողովրդին դիմելիս տեսաուղերձի ժամանակ հայտնել էր 4 քաղաքացու մահվան մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին կրակոցներ էին հնչել ավստրիական մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող սինագոգի հարևանությամբ: