Այն մասերում, որտեղ մարտերը լեռնային, անտառային գոտիներ տեղափոխվեցին, այդտեղ հակառակորդի առաջխաղացումը դանդաղեց, տեխնիկա կիրառելն էլ ավելի բարդ է. Կարեն Վրթանեսյան

15:56 • 03.11.20

Պատերազմի առաջին օրերի ինտենսիվությունը պակասել է: Ինձ թվում է՝ այն երկու պատճառ ունի, որոշ չափով մեր և հակառակորդի ուժերը մաշվել են և մարտերը որոշ մասերում աստիճանաբար տեղափոխվեցին ավելի լեռնային պայմաններ: Այն մասերում, որտեղ մարտերը լեռնային անտառային գոտիներ տեղափոխվեցին, այդտեղ առաջխաղացումը դանդաղեց, տեխնիկա կիրառելն ավելի բարդ է, քան ավելի հարթավայրային տեղերում. Tert.am–ի հետ զրույցում՝ գնահատելով պատերազմական իրավիճակը, նշեց ռազմական փորձագետ, «Razminfo» կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանը:

Հարցին, թե հակառակորդը մարտավարական ռազմավարությունը փոխվել է՝ այժմ դիվերսիոն խմբերով փորձում են հարձակումներ իրականացնել, պատճառը տեխնիկայի պակա՞սն է, թե՞ անտառներում ավելի հեշտ է իրենց գործել, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, որ դիվերսիոն գրոհային խմբերը մոտավորապես մինչև 100 հոգանոց կազմ ունեն, դրանք հատուկջոկատայինների խմբեր են, որոնց նպատակը հնարավորինս բարձրունքներ գրավելն է, որպեսզի ապահովվեն իրենց զորքի առաջխաղացումը այդտեղ. «Հաճախ իրենք չեն կանգնում բնակավայրերում, արագ շարունակում են առաջ շարժվել՝ փորձելով կարևոր խաչմերուկներ, հանգույցներ գրավել, որում իրենք բավականին մեծ կորուստներ են տալիս»:

Հարցին, թե ֆոսֆորային զենքը հնարավո՞ր է, որ օգտագործվել է հենց այդ նպատակով, զորքերի համար ավելի հարմարավետ տեղաշարժ ապահովվելու համար, ռազմական փորձագետը նշեց, որ կիրառվել է հրկիզող զինամթերք, որոնք կիրառվում են մեծ տարածություններում լայնածավալ հրդեհներ իրականացնելու համար, ենթադրում է, որ նպատակը անտառային ծածկույթը չեզոքացնելն և տեսանելի դարձնելն է եղել, որ իրենց անօդաչու սարքավորումները հեշտ աշխատեն:

Կարեն Վրթանեսյանի կարծիքով, եթե այլ պետությունից պատերազմը դադարեցնելու ակտիվ միջամտություն չլինի, ապա պատերազմը կարող է ամիսներ տևել: Նրա դիտարկմամբ, այս պահի դրությամբ Ադրբեջանը ինչ-որ ձևով շահագրգռված չէ պատերազմը կանգնեցնելու: Ըստ նրա՝ թշնամին արդեն իսկ շատ կորուստներ ունի, բաց դրանք դեռ կառավարելի է իրենց համար և  եթե շարունակեն շատ ծանր կորուստներ կրել, այդ դեպքում հնարավոր է դադարի պատերազմը, սակայն դա ժամանակի հարց է, այս պահին դադարեցման նշաններ չի տեսնում:

Դիտարկմանը, թե կարծիքներ հնչեցին, որ եթե Իլհամ Ալիևը այլ պատկերացում ուներ Հայաստանի սպառազինության կարողությունների վերաբերյալ, և  իմանար, որ պատերազմը տևելու է մեկ ամսից ավել և չի կարողանալու մի քանի օրում իր առջև դրված խնդիրը լուծել, պատերազմ չէր սկսի, ռազմական փորձագետը պատասխանեց, որ չի կարող կռահել Ալիևի մտքինը, բայց այն հանգամանքը, որ նրանք  իրենց գրաֆիկից հետ են մնում, դա ակնհայտ է.

«Մենք չենք կարող հստակ ասել, թե իրենք իրենց առջև ինչ խնդիր էին դրել, սակայն այն, որ իրենք պատրաստվել էին երկարատև լայնամասշտաբ հարձակման, դա ակնհայտ է, բայց ինչքանով էր այդ երկարատևը հաշվարկված՝ երկու շաբաթ, թե մեկ ամիս՝ սակայն մեծ արդյունքներով, դժվար է ասել.

«Իրենք հիմա բավականին մեծ կորուստներ ունեն, սակայն Ալիևը աշխատում է այն սկզբունքով, որ ինչքան էլ կորուստ լինի, կարևորը նա հասնի իր ցանկացածին, այսինքն ամեն ինչ դրել է խաղասեղանին և ելնելով դրանից դեռ բավականին երկար ժամանակ կարող է այդ կորուստները կրել»:

Անդրադառանլով երիտասաարդ կանանց առաջնագիծ գնալուն, Կարեն Վրթանեսյանը նշեց, որ մեկ ամսվա պատրաստություն ստանալով կանանց առաջնագիծ տանելը, համարում է անտեղի: Ըստ նրա՝ կան կին զինվորականներ, որոնք զինվորական պատրաստություն են ստացել և իրենց գործը շատ լավ կատարում են, ինչպես օրինակ Ապրիլյան պատերազմի ժամանակ կային նման օրինակներ, որոնք արիության մեդալ ստացան, դա այլ հարց է:

Անդրադառնալով պատերազմական իրավիճակի հետ կապված առաջացած տնտեսական խնդիրներին, Կարեն Վրթանեսյանն ընդգծում է, որ կան ձեռնարկություններ, որտեղից մարդիկ կամավոր մեկնել են պատերազմ, սակայն նրանք  հարկեր պետք է վճարեն և հիմա հարց է առաջանում այդ ձեռնարկությունենրը պետք է աշխատեն, թե ոչ: Կան անձիք, որոնք մանրածախ առևտրի ոլոտում ապրանք են առաքել և հիմա, որպես կամավոր, պատերազմ են գնացել և չեն կարող գնալ ապրանքը ստանալ, ըստ նրա վարկերի հետ կապված ևս բազմաթիվ հարցեր են առաջանում

«Պատերազմը երկարաձգվելու պարագայում խնդիր է առաջանում երկրի տնտեսությունը պատերազմական անիվների վրա դնելու: Ակնհայտ է, որ արագ լուծումներ չեն լինելու, Ադրբեջանը կարծես թե Ռուսասստանի հանդեպ էլ է բավականի հանդուգն կեցվածք դրսևորում և մենք պետք է մտածենք ավելի երկարատև լուծումների մասին, որպեսզի մեր ռեսուրսները հերիքեն: Բավականին  հարցեր են առաջանում տնտեսությունը կենսունակ պահելու հետ կապված, առավել ևս, երբ հիմա պետության վրա ահռելի ծախսեր են՝ օրական միլիոնավոր դոլարների ծախս է պատերազմը»:

Հերմինե Միքայելյան