Մենք պետք է սովորենք ապրել երկարատև պատերազմական վիճակում, սա մշտական պատերազմ է և չի ավարտվելու. Ռուբեն Աղուզումցյան (տեսանյութ)
Պետք է ճիշտ հասկանալ իրադրությունը՝ մենք պատերազմի մեջ ենք, սա այլ տիպի պատերազմ է, և, ցավոք, մենք հոգեբանորեն չենք նախապատրաստվել դրան. կան կարծրատիպեր, թե, օրինակ, հայ տղամարդուն բնորոշ է զսպվածությունը, վախը նրա համար ամոթալի է, մինչդեռ վախը նպաստում է ճիշտ որոշումների կայացմանը, ինքնապաշտպանությանն ու գոյատևմանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:
«Երբ ճակատից հակասական տեղեկություններ են ստացվում, լսողը չի կողմնորոշվում և չի կարողանում ճիշտ որոշում ընդունել: Մարդու մեջ առաջանում է անորոշություն, նա չի կարողանում հարմարվել իրավիճակին: Պետք է որոշակիություն սերմանել, այդտեղ մեդիայի աշխատանքը շատ կարևոր է: Մարդկանց պետք է հնարավորինս օբյեկտիվ ինֆորմացիա տալ, եթե ստենք, միևնույն է՝ մարդիկ արագորեն ճիշտը կիմանան»,- ասել է հոգեբանը:
Ըստ Աղուզումցյանի՝ անհամատեղելիություն կա իրականության, պատերազմի դրվագների և պաշտոնական տեղեկատվության միջև. «Վախը պետք է ընդունել որպես զգուշացում: Այն չպետք է վերածվի խուճապի և ապակողմնորոշի մարդկանց, պետք է բանականության, այլ ոչ թե հուզականության ազդեցության ներքո գործել: Եթե մենք պատերազմում ենք, առաջին գիծ և թիկունք հասկացությունները պայմանական են: Թիկունքը ևս պատերազմում է, և եթե զորքը հանգիստ է թիկունքի համար, ուրեմն անվախ է, ոգին էլ՝ բարձր: Թիկունքում, ցավոք, ոչ բոլորն են հասկանում, որ մենք պատերազմի մեջ ենք»:
Պրոֆեսորի կարծիքով՝ պետք է ակտիվացնել ոչ թե զգացմունքային, այլ բանական ընկալումը, մենք բացի մտքից՝ որևէ այլ ռեսուրս չունենք, զինվորները հենց իրենց հնարամտությամբ են անհավանական սխրանքներ գործում. «Այս սերունդը՝ 18-20 տարեկանները, զարմանալի սերունդ է: Տասնյակ տարիների այս դրությունը, պասիվ պատերազմը բերել է նրան, որ նրանք տարբերվում են մյուս սերունդներից: Իրոք անհավատալի են նրանց սխրանքները: Մեր պատմության մեջ շատ ավելի վատ էջեր են եղել, բայց մեր գենոֆոնդը չի վերացել: Չի կարելի արժեզրկել բառերը, «Հաղթելու ենք» կոչը չարժե օգտագործել տարբեր ապրանքանիշերի գովազդներում»:
Ռուբեն Աղուզումցյանի պնդմամբ՝ թիկունքը պետք է առավել զգոն լինի, իրեն հաշիվ տա, որ բոլորն են պատերազմի մեջ. «Այս հարցը չի լուծվելու, սա մշտական պատերազմ է, ինչպես Իսրայելում: Մենք պետք է սովորենք ապրել պատերազմական վիճակում: Մենք մոռանում ենք, որ միայն մեր դաշնակից պետությունների և Սփյուռքի վրա հույս դնել չի կարելի: Երկրաշարժից հետո մենք սովորեցինք ավելի շատ ստանալ, ավելի քիչ գործել: Պետք է հակառակը լինի»:
Հոգեբանի պնդմամբ՝ թե որքան կտևի պատերազմը, կախված է բացառապես մեզնից, քանի որ Ադրբեջանը մարդկային ռեսուրս շատ ունի՝ վարձկաններին, թալիշներին, լեզգիներին է ուղարկում առաջնագիծ:
«Ընտանիքն ու եկեղեցին մեզ համար պետականության պես են, այսօր մեր ընտանիքները պետք է ամուր լինեն, թիկունքում բոլորս ոչ պակաս զինվոր ենք, քան առաջնագծի տղաները»,- ամփոփել է պրոֆեսորը:
Դավիթ Սարգսյան










