Ե՛վ սուլթան, և՛ խալիֆա. հունական Ekathimerini-ի անդրադարձը Էրդողանի վարած արտաքին քաղաքականությանը

14:05 • 03.11.20

Հունական ekathimerini.com կայքը հրապարակել է Պասչոս Մանդրավելիս հոդվածը, որում հոդվածագիրը վերլուծել է Թուրքիայի և այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը:

Մանդրավելիսը մասնավորապես նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական հին հնարքներով որոշակիորեն թուլացրել է Հունաստանի դիրքերը, սակայն բացի այդ նա սկսել է վիրավորել արևմտյան առաջնորդներին, անտեսում է ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքը ռուսական С-400 հրթիռային համակարգերի փորձարկումից հետո, միջամտում է Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գործերին, ցանկանալով դեր խաղալ նաև Սուդանում, և այս ամենի ֆոնին առաջացնում էՌուսաստանի, Եգիպտոսի, Իսրայելի և բոլոր նրանց զայրույթը, որոնք դրա պատճառն ունեն: Շատերը զարմանում են, թե ինչն է սրա պատճառը: Արդյո՞ք Էրդողանը ծրագիր ունի:

«Արևմտյան բանական մտքի համար այս ամենը պարզապես խելագարություն է: Այնինչ մենք հակված ենք մոռանալ, որ Էրդողանը, չնայած ծխաքողարկմանը, որը նա պահել է 20-ից ավելի տարի, իսլամիստ է: Նա կարող է ֆանատիկոս չլինել, բայց նրա հավատը մեծապես կանխորոշում  է իր քաղաքականությունը:

Նա 2016 թվականի պետական հեղաշրջման փորձը օգտագործեց սուլթանի պես մի բան դառնալու համար` հաստատելով կոշտ և ավտորիտար ռեժիմ, բանտերում փակելով հազարավոր զինվորականների, գիտնականների, գրողների, լրագրողների և այլն: Նա աշխատանքից զրկել է հազարավոր պետական ծառայողների և փակել է ԶԼՄ-ների բերանը: Բանն այն է, որ 1517 թվականից Օսմանյան կայսրության ղեկավարները պարզապես սուլթան չէին, նրանք նաև հոգևոր առաջնորդներ էին կամ խալիֆաներ, մինչև 1924 թվականը, երբ կոչումը վերացվեց ժամանակակից Թուրքիայի հանրապետության կողմից: Կրոնական քաղաքական գործչի համար «խալիֆայի նման մի բան» լինելը (աշխարհի մահմեդականների առաջնորդ և պաշտպան) ավելի ցանկալի պաշտոն է, քան «սուլթանի նման մի բան» լինելը:

Եթե վերը նշված մեկնաբանությունը ճիշտ է, դա շատ բան կփոխի հարևանությամբ: Առաջին հերթին դա կքանդի տարբեր առասպելներ, այդ թվում ՝ ամենատարածված հունականը, ըստ որի՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հետևողական է և առանց շեղումների: Ի տարբերություն Հունաստանի, որը շարունակում է մնալ կայուն և ռազմավարության առումով եվրոպական, միայն վերջին 40 տարվա ընթացքում Թուրքիան երեք անգամ փոխել է իր կուրսը: Քեմալիստական ռեժիմի կողմից ստեղծված թույլ ինտենսիվության խնդիրներից  մենք եկանք «հարևանների հետ զրո խնդիրներ» դոգմային, իսկ հիմա գտնվում ենք «խնդիրներ բոլորի հետ, լինեն հարևաններ թե ոչ» փուլում:

Երկրորդ, Հունաստանը և ընդհանուր առմամբ Արևմուտքը ստիպված կլինեն ճշգրտել իրենց մոտեցումը Թուրքիայի նկատմամբ: Եթե ինչ-որ բան պատահի, և Էրդողանին հաջողվի անջատել Թուրքիան Արևմուտքից, նա, անշուշտ, չի պատրաստվի այն կցել քրիստոնեական Ռուսաստանի կառքին, այլ կցանկանա այն նոր իսլամական կառք դարձնել իր գլխավորած մրցավազքում»,-եզրափակել է հեղինակը: