Մարտունի քաղաքից հարավ Ադրբեջանի ԶՈՒ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու միջոցով փորձել են հարձակում զարգացնել, բայց, ունենալով կորուստներ, հետ են շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

22:01 • 03.11.20

Այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործությունները: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում զարգացնել: Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր, և ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները հատկապես հրետանային կրակով շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը»,-ասաց նա:

Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում փորձել են դիակները հանելու պատրվակով ծխածածկույթ ապահովելով՝ դիվերսիոն ներթափանցում իրականացնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հատկապես հեռահար հրետանու կրակով՝ ոչնչացվել ու հետ շպրտվել:

Քարտեզի միջոցով ներկայացնելով այն հատվածները, որտեղ այսօր մարտեր են ընթացել, Հովհաննիսյանը հայտարարեց, որ գյուղերի ուղղությամբ տարբեր տեղերում դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները շարունակվել են, Թաղավարդ գյուղի հատվածում դիվերսիոն խումբ է ոչնչացվել: «Մարտերը շարունակվում են, դրանք շատ սաստիկ ու ծանր չեն, մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս նույնիսկ հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե երեկ Ադրբեջանի նախագահը, ներկայացնելով իր պնդմամբ՝ իրենց կողմից գրավված գյուղերի ցանկ, նշել է նաև Ջաբրայիլի և Զանգելանի շրջանի մի շարք գյուղերի անուններ, որոնք գտնվում են ամենահարավային հատվածում, և հարցին՝ արդյո՞ք չկան հակասություններ՝ հաշվի առնելով, որ այդ շրջանների գրավման մասին ադրբեջանական կողմը հայտարարել էր պատերազմի առաջին օրերին, Հովհաննիսյանն արձագանքեց՝ կան հակասություններ:

«Այդ հակասությունները նկատել են նույնիսկ Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում տարբեր ֆորումներում ծաղրում էին Ալիևին և հարցնում՝ «հերիք չէ՞՝ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես»»,-նշեց նա:

Հարցին՝ ի՞նչ վիճակ է հիմա ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում և ի՞նչ զինատեսակով էր թիրախավորվել գյուղը, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ զինատեսակը ոչ մեծ տրամաչափի հրետանային միջոց է եղել: Նրա խոսքով՝ գյուղում այս պահին համեմատաբար հանգիստ է: