Ահաբեկչություն Վիեննայում. մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել 2 քաղաքացի, 15-ը վիրավորվել են, ուժեղացվել է երկրի անվտանգությունը (լուսանկարներ, տեսանյութեր)

00:46 • 03.11.20

06:55

SITE Intelligence Group պորտալը, որը հետևում է համացանցում ահաբեկիչների գործունեությանը, հայտնել է Վիեննայում տեղի ունեցած հարձակումներին ջիհադիստների մասնակցության մասին, գրում է Интерфакс-ը:

Կայքի տվյալներով՝ ջիհադիստները հայտարարում են, որ Վիեննայում հարձակումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ «ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայում Ավստրիայի մասնակցության համար վճարն է»:

06:20

Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 2-ի: Այս մասին հայտնում է երկրի քաղաքապետ Միխաէլ Լյուդվիգը, փոխանցում է ТАСС-ը:

«Բացի սպանված տղամարդը, ևս 1 կին էլ մահացել է ստացած վնասվածքներից»,- նշել է քաղաքապետը ORF-2.հեռուստաալիքին:

Ավելի վաղ Վիեննայի քաղաքապետը նշել էր, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 15 մարդ է տուժել:

«Հոսպիտալացվել է 15 մարդ, նրանցից 7-ը ծանր վիրավորում են ստացել»,- ասել է քաղաքապետը:

05:57

Ավստրիայի ամբողջ տարածքում, այդ թվում սահմաններին, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, սակայն ուշադրության կենտրոնում մնում է Վիեննայի կենտրոնը, որտեղ երկուշաբթի տեղի է ունեցել հրաձգություն: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Գարալդ Զյորյոսը, փոխանցում է РИА Новости-ն:

Նա հավելել է, որ իշխանությունները ոչ միայն իրենց կոչն ուղղում են ՎԻեննայի կենտրոնական շրջանի բնակիչներին, այլև ամբողջ երկրում բնակվողներին, որոնց ՆԳՆ-ն հորդորում է փողոց դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:

Վիեննայի դպրոցներում երեքշաբթի չեղարկվել են բոլոր դասերը ահաբեկչության պատճառով: Երեխաները կարող են տանը մնալ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ՆԳՆ Կառել Նեհամմերը:

05:45

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է երկուշաբթի Վիեննայում տեղի ունեցած կրակոցները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ՄԱԿԻ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է այս հարձակումները և հաստատում Ավստրիայի կառավարության ու ժողովրդի հետ ՄԱԿ-ի համերաշխությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

04:45

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 15 մարդ է տուժել: Այս մասին ORF-2 հեռուստաալիքի եթերում հաղորդել է Վիեննայի քաղաքապետ Մխաէլ Լյուդվիգը, հայտնում է ТАСС-ը:

«Հոսպիտալացվել է 15 մարդ, նրանցից 7-ը ծանր վիրավորում են ստացել»,- ասել է քաղաքապետը:

.03:55

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո վտանգ դեռևս կա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Կուրցը նշել է, որ իրավապահների կողմից իրականացվող հատուկ գործողությունը շարունակվում է և «ներկա պահին հնարավոր չէ վերադառնալ սովորական կյանքի»:

Նա նաև նշել է, որ ահաբեկիչների գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ, սակայն չի բացառվում նաև հակասեմականության շարժառիթը:

Խոսելով ահաբեկիչների պատրաստվածության մասին՝ Կուրցը նկատել է, որ նրանք լավ զինված են, պրոֆեսիոնալ պատրաստված:

«Սա միանշանակ ահաբեկչություն է»,- ասել է Կուրցը: Նա նաև հավելել է, որ հանցագործներից մեկը չեզոքացվել է, մյուսները փախուստի են մատնված:

02:45

Ավստրիայի զինված ուժերը Վիեննայում տեղի ունեցած դեպքից հետո ստանձնում են մայրաքաղաքի օբյեկտների պաշտպանությունը: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտնել է Kurier թերթը՝ հղում տալով դանային կանցլերի գերատեսչության մամուլի ծառայությանը:

«Վիեննայում հարձակումից հետո ներգրավվել են նաև զինված ուժերը: Զինվորականները ստանձնում են դաշնային մայրաքաղաքում գտնվող օբյեկների ամբողջական պաշտպանությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

02:22

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ոստիկանությունը Գրաբեն կենտրոնական հրապարակում ձերբակալել է 4 ահաբեկչի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով OE24 հեռուստաալիքին:

Հեռուստաալիքը ուղիղ միացմամբ ցուցադրել է ձերբակալման կադրերը, որոնցում երևում է, որ միանման հագնված ահաբեկիչները կանգնած են՝ ձեռքերը վեր պարզած:

Գրաբեն հրապարակը գտնվում է սինագոգից ոչ հեռու, որտեղ հրաձգություն էր տեղի ունեցել:

Նշվում է, որ Վիեննայի երկնքում ոստիկանական ուղղաթիռ է բարձրացվել, որից անցորդներին  բարձրախոսով հորդորում են լքել փողոցները:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նվազագույնը 15 մարդ է տուժել կրակոցների հետևանքով, նրանցից 7-ը ստացել է ծանր վնասվածքներ:

01:56

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ռեստորաններից մեկը հերքել է հանցագործների հարձակման վերաբերյալ ավելի վաղ տարածված տեղեկատվությունը: РИА Новости-ի թղթակցի հետ զրույցում ռեստորանից հայտնել են, որ իրենց մոտ պատանդներ չկան: 

«Ռեստորան են եկել զինված ոստիկաններ, սակայն տվյալ պահին այստեղ ոչ ոք չկա»,- ասել են լրատվամիջոցին:

Ավելի վաղ ավստրիական հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին զուգահեռ՝ հանցագործները մայրաքաղաքի այլ շրջանում պատանդ են վերցրել ռեստորանի այցելուների: 

01:33

Ականատեսները տեսանկարահանել են Վիեննայի կենտրոնում զինված ահաբեկչի հարձակումը: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է անհայտ անձը հրազենով թիրախավորում անցորդներին: Այս պահի դրությամբ, Известия-ի հաղորդմամբ, հայտնի չէ, թե հատկապես որ վայրում է տեղի ունեցել դեպքը:

Հաղորդվում է, որ Ավստրիայի մայրաքաղաքի 4 վայրում միաժամանակ հարձակում է տեղի ունեցել, որոնց թվում են սինագոգը, ոչ հեռու գտնվող 2 ռեստորան և հրեական կենտրոն:

Նոյեմբերի 2-ին ավստրիական ԶԼՄ-ները հաղորդել էին Վիեննայի կենտրոնում՝ սինագոգի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության մասին: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել էր ոստիկանությունը:

Իրավապահների տվյալներով՝ հրաձգության հետևանքով, հնարավոր է, մահացել է 7 մարդ: Հանցագործներից մեկին, նախնական տվյալներով, հաջողվել է ձերբակալել:

Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ սինագոգի հարևանությամբ հարձակում գործած անձն ինքն իրեն պայթեցրել է: Չնայած դրան, չի բացառվում, որ շրջակայքում դեռևս հանցագործներ լինեն: Այս պահին նրանց հայտնաբերմանն ուղղված գործողություններ են իրականացվում:

00:57

Ավստրիայի ՆԳՆ-ը հայտնել է, որ Վիեննայում հարձակումները շարունակվում են, հաղորդում է ТАСС-ը: Վիեննայի ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին հեռանալ հասարակական վայրերից:

00:48

Ավստրիական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին զուգահեռ՝ հանցագործները մայրաքաղաքի այլ շրջանում պատանդ են վերցրել ռեստորանի այցելուների: Տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ: Խոսքը 7-րդ շրջանում գտնվող Akakiko ճապոնական ռեստորանի մասին է։ Հրաձգությունը տեղի է ունեցել Վիեննայի առաջին կենտրոնական շրջանի սինագոգի մոտ։ Այս ամսին հաղորդում է РИА Новости-ն:

00:46

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սինագոգի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով նվազագույնը 7 մարդ է մահացել: Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հաղորդում է Kurier պարբերականը՝ հղում տալով ոստիկանությանը:

ТАСС-ի փոխանցմամբ՝ Ավստրիայի ՆԳ նախարարությունը չի բացառել ահաբեկչության վարկածը: Նախնական տվյալներով՝ հարձակում գործած անձանցից 1-ը ոչնչացվել է, իսկ երկրորդը փախուստի է դիմել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիեննայում անհայտ անձը սինագոգի՝ ժողովարանի հարևանությամբ կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն: Վիեննայի ոստիկանությունը հաստատել է քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը և հայտնել մի քանի տուժածի մասին: 

Ընդհանուր առմամբ ժողովարանից քիչ հեռու գտնվող փողոցում մոտ 50 կրակոց է արձակվել: