Չեխիան Ավստրիայի հետ սահմանին ստուգումներ է սկսել՝ կապված Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետ
Չեխիայի ոստիկանությունը երեքշաբթի գիշերը մասնակի ստուգումներ է սկսել Ավստրիայից իր տարածք մուտք գործողների շրջանում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով եվրոպական ԶԼՄ-ներին:
«Ոստիկանությունը Ավստրիայի սահմանային անցակետերում մեքենաների և ուղևորների մասնակի ստուգումներ է անցկացնում: Սա կանխարգելիչ միջոցառում է՝ կապված Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետ»,- հաղորդել են ոստիկանությունից:
Ավելի վաղ Ավստրիայի ՆԳՆ-ից հաղորդել էին, որ ահաբեկիչների որոնողական գոտին ընդլայնել են, քանի որ չեն բացառում, որ նրանց հաջողվել է լքել Վիեննան:
Երկուշաբթի երեկոյան Վիեննայի կենտրոնական հատվածում գտնվող սինագոգում կրակոցներ էին հնչել, որոնք Ավստրիայի իշխանությունները որակել են որպես ահաբեկչություն: Երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամմերը հայտնել է, որ ոստիկանությունը զբաղվում է Վիեննայում ահաբեկիչների որոնողական աշխատանքներով: Բնակիչներին հորդորել են դուրս չգալ փողոց և խուսափել մարդաշատ վայրերից:










