Ավստրիայում ՌԴ դեսպանը տեղեկացրել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հյուսիսկովկասցիների ձերբակալության մասին
Որոշ տվյալների համաձայն, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալվել են բալկանյան երկրների և Հյուսիսային Կովկասի մի շարք ներկայացուցիչներ: Այս մասին երեքշաբթի` նոյեմբերի 3-ին հայտարարել է Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին` «Ռոսիա-1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդաշարի եթերում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Տեղեկացվում է բազմաթիվ ձերբակալությունների մասին ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Ավստրիայի մի շարք այլ քաղաքներում,- ասել է դիվանագետը: - Տեղեկատվություն կա բերման ենթարկված անձանց շրջանում բալկանյան մի շարք երկրների, իսլամական աշխարհի, Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչների առկայության մասին: Այս պահին այլ մանրամասներ չկան»:
Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։
Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:
Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:
Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան:










