Վիեննայում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով հինգի։ Այս մասին հաղորդում է Heute պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի մասին։ Ահաբեկչության հետևանքով տուժել է 17 մարդ։
Պարբերականի տվյալներով՝ մահացել է 21-ամյա երիտասարդը, որի վիճակը բժիշկները ծանր էին գնահատում։
Հիշեցնենք, որ Վիեննայում ահաբեկչությունը տեղի է ունեցել նախօրեին։ Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:
Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:
Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան:










