Եկող տարին ՏԻՄ-երի համար «խոշոր» տարի է լինելու, մոտ 494 համայնքում ընտրություններ լինեն. Տիգրան Մուկուչյան
2021 թվականին ԿԸՀ-ի համար նախատեսվել է մեկ միլիարդ 865 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ըստ էության, եկող տարին պայմանականորեն եթե անվանենք, ՏԻՄ-երի համար խոշոր տարի է համարվում, քանի որ բազմաթիվ համայնքներում եկող տարի ավարտվելու են լիազորությունների ժամկետները՝ ներառյալ խոշոր քաղաքներում: Եկող տարի մոտ 494 համայնքում նախատեսվում է ընտրություններ, միայն համայնքի ղեկավարի ընտրություններ 62 համայնքում կլինեն, իսկ ավագանու անդամի՝ 283 համայնքներում»,-ասաց նա և նշեց, որ նախատեսվում է մոտ 1100 տեղամաս ձևավորել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե 2020 թվականի չկայացած հանրաքվեի չծախսված գումարները կարո՞ղ է թեթևացնել ՏԻՄ ընտրությունների ֆինանսական բեռը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ հանրաքվեի նախապատրասական աշխատանքների ընթացքում տարբեր նյութեր ձեռք են բերվել, դրանք պահպանվում են և մյուս ընտրությունների համար կիրառելու են: «Ըստ էության, այն գումարները, որոնք նախատեսված են, դրանց 80 տոկոս և ավելին վարձատրությունն է, իսկ նման վարձատրություն չի եղել, քանի որ հանրաքվե չի եղել»,-ասաց նա:










