Դատավորները երբևէ պարգևավճար չեն ստացել և չեն ստանում. դատական համակարգի աշխատակիցները 24 մլն դրամ են ուղարկել հիմնադրամ, 85 հոգի էլ առաջնագծում է. Կարեն Փոլադյան (տեսանյութ)
Դատավորները երբևէ պարգևավճար չեն ստացել և չեն ստանում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
«Դատավորները միայն աշխատավարձ են ստանում և իրենց անձնական միջոցներից՝ և՛ դատավորները, և՛ դատական համակարգի՝ առանց բացառության բոլոր աշխատակիցներն իրենց անձնական միջոցներից շուրջ 24 մլն դրամ են հավաքագրել և ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամ»,- հայտնեց նա:
Կարեն Փոլադյանի խոսքով՝ դատական համակարգից շուրջ 85 հոգի էլ այս պահին առաջնագծում է: Առաջնագիծ մեկնածների թվում են Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատակիցները, դատարանների աշխատակազմերի աշխատակիցներ, դատական կարգադրիչները: Նրա տեղեկացմամբ՝ դատական համակարգի աշխատակիցները թե՛ կամավորության սկզբունքով, թե՛ զորահավաքի շրջանակում են մեկնել առաջնագիծ:
Ինչ վերաբերում է ռազմական դրությամբ պայմանավորված դատական նիստերի հետաձգման հարցին, Կարեն Փոլադյանը նշեց. «Ունենք որոշ դատական նիստեր, որոնք հետաձգվում են՝ իրավիճակով պայմանավորված: Այն բոլոր գործերով, որոնցով կողմեր են հանդիսանում այն անձինք, որոնք այս պահին գտնվում են առաջնագծում կամ առաջնագծում չեն գտնվում, բայց ներգրավված են այդ պրոցեսին որևէ կերպ, բնականաբար, դատարանները ողջամտորեն գնահատում են իրավիճակը և դատական նիստերը հետաձգում են»:










