Փաստահավաք առաքելության շրջանակում արձանագրվել է քաղաքացիական անձանց մահվան առնվազն 46 և վիրավորվելու առնվազն 144 դեպք․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

12:15 • 04.11.20

Մեր փաստահավաք առաքելության շրջանակում արձանագրվել է քաղաքացիական անձանց առնվազն 46 մահվան և առնվազն 144 վիրավորման դեպք։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանն ընդգծեց, որ մի շարք այլ դեպքեր էլ կան հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մուտք են գործել, բայց քանի որ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում, չեն կարողացել մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները, ուստի այդ դեպքերը դեռևս արձանագրված չեն նշված վիճակագրության մեջ:

«Բացի դրանից, քաղաքացիական օբյեկտների շրջանում մեր նախնական, համեստ հաշվարկներով ավելի քան 13 800 մասնավոր անշարժ գույք է վնասվել, հիմնականում՝ բնակարաններ, տներ: Ավելի քան 3100 ենթակառուցվածք, հանրային նշանակության օբյեկտներ և արտադրական նշանակության օբյեկտներ են վնասվել, որի շրջանում ենթակառուցվածքներն առանցքային տեղ ունեն. էլեկտրամատակարարման կայաններ, ցանցեր, նույնը՝ կապի և հաղորդակցման համակարգում, ջրամատակարարման, գազամատակարարման համակարգում խողովակներ, կամուրջներ և այլն: Հանրային նշանակության օբյեկտների մեջ դիտարկում ենք նաև մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, մշակութային կենտրոնները, եկեղեցին»,- ասաց նա:

Բեգլարյանը տեղեկացրեց, որ Կրթության նախարարության տրամադրած տեղեկություններով՝ նոյեմբերի 2-ի տվյալներով 61 դպրոց և 10 մանկապարտեզ է վնասվել: «61 դպրոցը Արցախի դպրոցների ամբողջ քանակի 27-28 տոկոսն է կազմում, սա նշանակում է, որ մեծ ծավալով դպրոցներ են վնասվել Ադրբեջանի հարձակումների պատճառով»,- ասաց նա և հավելեց, որ նախնական տվյալով՝ 2100 մեքենա կամ շարժական գույք է վնասվել։