Թե՛ համավարակով, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված` ԱԺ աշխատակազմին, պատգամավորներին պարգևատրումներ չեն տրամադրվել. ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

12:15 • 04.11.20

2020 թվականի բյուջեում երկու անգամ խոշոր վերանայում է տեղի ունեցել: Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:

«Առաջինը կապված է եղել համավարակի հետ, որի արդյունքում ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ վերաբաշխել է 503 միլիոն դրամ, սա տեղի է ունեցել կառավարության որոշումներով: Այստեղ ամենամեծ մասնաբաժինը կրում է պարգևատրման հոդվածը, գործուղումից է բավականին մեծ գումար վերադարձվել, ինչպես նաև այլ ծախսերից»,-ասաց նա:

Լիլյա Սիրականյանը նշեց, որ երկրորդ անգամ, արդեն ռազմական դրությամբ պայմանավորված, 100 միլիոն 500 հազար դրամի գումար է վերադարձվել պահուստային ֆոնդ: «Սա արդեն տեղի է ունեցել շենքային պայմանների բարելավման հոդվածից և ԱԺ դերի բարձրացման ուղղված միջոցառումների հոդվածից: 2020 թվականի ընթացիկ կատարման մասով էլի ունենք տնտեսումներ, որոնք այս պահին չեն վերադարձվել պահուստային ֆոնդ, թերևս ամենամեծը կրկին պարգևատրման ֆոնդն է: Այստեղ ունենք շուրջ 250 միլիոն դրամ չօգտագործված գումար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ համավարակով պայմանավորված, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովում ինչպես աշխատակազմի աշխատակիցներին, այնպես էլ պատգամավորներին պարգևատրումներ չեն տրամադրվել»,-ասաց նա: