Արցախ մեկնելուց կնոջն ասել է՝ մի վախեցիր. զոհված Լևոն Ավետիսյանը պատերազմ գնալուց 5 օր առաջ էր ամուսնացել. պատմում է մորաքրոջ աղջիկը
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված 30-ամյա մայոր Լևոն Ավետիսյանը պատերազմ մեկնելուց հինգ օր առաջ էր ամուսնացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց զոհվածի մորաքրոջ աղջիկը՝ Նելլի Մուրադյանը:
«Նա սեպտեմբերի 26-ին ամուսնացավ, և սեպտեմբերի 27-ից արդեն պատերազմը սկսվեց և հոկտեմբերի 1-ից արդեն մեկնեց պատերազմ, հոկտեմբերի 13-ին զոհվեց ԱԹՍ հարվածից: Յոթ հոգով մեքենայի մեջ են եղել, որը պայթեցրել են»,-պատմեց նա:
Նելլի Մուրադյանն ասաց, որ Լևոն Ավետիսյանն Ապրիլյան պատերազմին ևս մասնակցել է և Բակո Սահակյանի կողմից արժանացել է «Արիության մեդալի» և հիմա հանգչում է Եռաբլուրում: Զոհվածի քույրը պատմեց, որ դեպքից երկու օր առաջ է եղբոր հետ խոսել, վերջինս վստահ էր, որ հաղթելու ենք և ընդհանրապես չի տրտնջացել:
«Բնավորությամբ ինքը շատ աշխույժ էր, ուրախ, կատակասեր, տխուր իրեն ոչ մեկ չի տեսել, բոլորին ինչով կարողացել է՝ օգնել է, շատ սիրված էր, շատ բարի: Ընկերներից մեկը պատմել է, որ կռվի ժամանակ ինքը սաղավարտ չէր դրել, և Լևոնը ձեռքը դրել է իր գլխին, որ կրակ լինելուց իր ձեռքը վնասվի, բայց ինձ բան չլինի»,- ասաց Նելլի Մուրադյանը և նշեց, որ բոլորի համար շատ ծանր է նրա կորուստը, ոչ մեկ չի կարողանում համակերպվել:
«Մեկնելուց կնոջը ասել է՝ մի վախեցիր: Նա օրինական արձակուրդի մեջ էր մեկ ամսով և հնարավորություն ուներ այդքան շուտ չմեկնել, բայց ինքը գերադասեց գնալ և հայրենիքը պաշտպանել»,- հավելեց զոհվածի քույրը:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










