Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի թուղթ, որը ձեռնտու չի ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին, և միա՛յն Ադրբեջանին է ձեռք տալիս. Գեղամ Մանուկյան

15:14 • 11.11.20

2,5 տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, իր բոլոր ելույթներում, խոսքերում, բոլոր կեղծ ֆեյսբուքյան էջերով տարվում էր մի կեղծ թեզ, որ նա բացառիկ է, միակն է, առաջինն է: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:

«Այդ առաջինների մրցավազքում եկավ, հասավ մի տեղ, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ասում է, թե Արցախի հարցը պետք է լուծվի այնպես, որ ձեռք կտա Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին: Նա հպարտանում էր, որ  մի բանաձև է առաջ քաշելու, որը ձեռք է տալու Ադրբեջանին: 2,5 տարի հետո՝ 2 օր առաջ, նա ստորագրեց մի թղթի կտոր, որն իրոք աննախադեպ էր: Թուղթ, համաձայնագիր, որը ձեռք չէր տալիս ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին, և միա՛յն Ադրբեջանին էր ձեռք տալիս»,-ասաց նա՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ միակն ու վերջինն է լինելու, որ նման թուղթ է ստորագրելու:

«Վերջինը լինելու համար նա վայրկյան առաջ պետք է հեռանա»,-նշեց Մանուկյանը:

Վերջինս ընդգծեց՝ ասում է՝ թղթի կտոր, որովհետև երկու օր է՝ քաղաքական գործիչները «գլուխ են ջարդում», թե ինչ իրավական կարգավիճակ ունի այդ թուղթը: «Առաջին պահին, երբ այն հրապարակվեց, կետ կար, որ Տավուշի մի քանի գյուղեր էլ են հանձնվելու Ադրբեջանին, հետո խելքին եկավ՝ ինչ է անում, և արագ հեռացրին այդ կետը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում պետք է կայանար հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, սակայն մինչ հանրահավաքի մեկնարկը՝ սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, բազմաթիվ քաղաքական ու հասարական գործիչներ արդեն բերման են ենթարկվել: