Crew Dragon տիեզերանավը բարեհաջող «խարսխվել է» Միջազգային տիեզերակայանին
Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը երկուշաբթի «խարսխվել է» Միջազգային տիեզերակայանին. կարևոր այս իրադարձության հեռարձակումը կատարվել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ ավելի ուշ տիեզերանավի անձնակազմն իր թվիթերյան էջերում հաստատել է օպերացիայի բարեհաջող ավարտի մասին տեղեկությունները: Այս պահին կապող պարանի ամրության ստուգման համար աշխատանքներ են տարվում:
Նշվում է, որ «խարսխման» գործընթացն իրականացվել է վեց րոպե ուշացմամբ: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ անհրաժեշտ էր կայանից 20 մետր հեռավորության վրա գտնվելով` սպասել արևածագին և հստակ տեսնել ուղեծրային համալիրը:
Crew-1 առաքելության անձնակազմի անդամներ են ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Մայքլ Հոփքինսը, Վիկտոր Գլովերը, Շենոն Ուոքերը և օդատիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալության ներկայացուցիչ Սոիթի Նոգութին:










