Մոլդովայի նորընտիր նախագահը հայտարարել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածքը
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն ուկրաինական Европейская Правда-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածքը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Սանդուն նշել է, որ թերթին տված իր նախորդ հարցազրույցից (2016 թվական) ի վեր այդ հարցում դիրքորոշումը չի փոխվել։
«Ես այդ մասին ասել եմ, երբ վարչապետ էի, և վստահեցնում եմ, որ կխոսեմ ճիշտ նույն կերպ, երբ նախագահ դառնամ»,-հայտարարել է Սանդուն:
Ընդ որում, նա խոստովանել է, որ Մոլդովայի քաղաքացիներն այդ հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունեն, և կան մարդիկ, ովքեր համաձայն չեն իր հայացքների հետ։
Սանդուն նաև հայտարարել է, որ իր կարծիքով՝ Մերձդնեստրում հակամարտության լուծումը պետք է տեղի ունենա ռուս խաղաղապահների ամբողջական դուրսբերման միջոցով։
Ռուս սենատոր, Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն ավելի ուշ արձագանքել է Մոլդովայի նորընտիր նախագահ ՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարությանը՝ նշելով, որ «խաղաղապահների ներկայությունն արդեն շուրջ 30 տարի է, ինչ տարածաշրջանում խաղաղության և այնտեղ ապրող մարդկանց պաշտպանության երաշխիքն է»։
Նա նաև հիշեցրել է, որ Մերձդնեստրում բնակվում է 220 հազար ռուս քաղաքացի, որոնց անվտանգությունը Մոլդովայի նորընտիր նախագահի աղմկահարույց հայտարարություններից ավելի կարևոր է։










