Բերդաշենը չի անցնում Ադրբեջանին, դիրքերի խառնաշփոթություն, թյուրիմացություն կար. բերդաշենցի
Նման բան չկա, թե Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքը անցել է Ադրբեջանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բերդաշենցի Կամո Աղաջանյանը:
«Որևէ վտանգ չի սպառնում, տարածքները նույն տեղում են պարզապես դիրքերի խառնաշփոթություն կա, որ պետական սահման են դնում վերջնական: Թյուրիմացություն կար, մեր հայկական կողմն էլ շատ թույլ է աշխատում կամ ընդհանրապես չի աշխատում»,-պարզաբանեց նա:
Կամո Աղաջանյանն ասաց, որ ադրբեջանցիներն իրենց այգիները չեն վերցրել, բայց դիրք են դրել այգու մոտ: «Անձամբ իմ նռան վարելահողից երկու հեկտար անցել է իրենց կողմ, բայց չեն գալիս սպառնում, վախեցնում, տեսնենք ոնց կլինի հետո»,- հավելեց նա:
Այսօր ավելի վաղ Կամո Աղաջանյանը Tert.am-ի հետ զրույցում պատմել էր, որ թուրք գեներալները ռուս ներկայացուցիչների հետ պետական սահման են գծում, բայց հայկական կողմից ներկայացուցիչ չկա։
«Թող մեր վարչապետից սկսած մինչև այստեղի վերջին գյուղապետը գան, ես ապացուցեմ, որ սա հայկական տարածք է, Մարտունու շրջանի Բերդաշենի վարչական տարածքն է: Ներխուժել են հիմա 200 մետր ներս, անձամբ իմ հողակտորից 2 հա ավերել են, գցել իրենց կողմը: 60-ական թվականներից իրենք են այստեղ եկել, իսկ 50-ական թվականներից Բերդաշենի վարչական տարածքներն է եղել: Ներկա պահին ես իմ նռան այգում եմ, 200 մետրի վրա թուրքը կանգնած է, ես հեռախոսով խոսում եմ, ինքն էլ ինձ է նայում»,- պատմել էր նա՝ շեշտելով, որ Բերդաշենն Արցախի Հանրապետության ամենամեծ համայնքն է՝ 1600 բնակչով:










