Եռակողմ համաձայնագրում որևէ խոսք չկա մշակութային արժեքների պահպանման մասին, ինչը իշխանության հերթական բացթողումն է, սա խայտառակ փաստաթուղթ է․ պատմաբան

20:45 • 23.11.20

Հայաստան-Ռուաաստան-Արդբեջան եռակողմ համաձայնագիրը, որը կնքվեց, մեզ համար շատ ցավալի, նաև խայտառակ մի փաստաթուղթ է, որպես պատմաբան մտածել եմ Կարսի անկումից և Ալեքսանդրապոլի պայմանագրից հետո մենք երբևէ նման պայմանագիր չենք ունենա, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք, ոչինչ բացառել պետք չէ և կարելի է սպասել ավելի վատին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ համաձայնագրին, որով դադարեցվեց Արցախյան վերջին պատերազմը և Արցախի զգալի մասը հանձնվեց Ադրբեջանին:

Անդրադառնալով նրան, թե ինչու համաձայնագրում կետ չի եղել գոնե պատմամշակությանին արժեքների պահպանության վերաբերյալ, պատմաբանն ասաց՝ իր կարծիքով՝ այն կազմվել և ստորագրվել է շատ հապճեպ: «Մեր ղեկավարության հերթական բացթողումն է եղել ու ուշադրություն չի դարձվել, մտածել են՝ այս խառը ժամանակ ո՞վ է զբաղվելու հուշարձաններով: Սա առաջին հերթին մեր բացթողումն է, եթե մենք պնդեինք, նրանք դեմ չէին լինի, բայց, ըստ էության, ոտքի վրա շատ արագ կազմվել է, հենց այդ պատճառով ուշադրություն չի դարձվել այդ հարցին»,- ասաց նա:

Մելքոնյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների բացթողումն է այն, որ չկարողացան Շուշիից, Տիգրանակերտից ու Արցածի տարբեր բնակավայրերից ինչպես հարկն է տարհանել ու տեղափոխել պատմական այն հուշարձանները, որոնք հնարավոր էր տեղափոխել։

 «Արցախի իշխանությունները պարտավոր էին ապահովել այն պատմական հուշարձանների, հուշակոթողների տեղափոխումն ավելի անվտանգ վայր,  գոնե Հայաստան, որոնք հնարավոր էր տեղափոխել։ Այսօր Շուշիի թանգարանը, Տիգրանակերտը մնացել են ադրբեջանցիների ձեռքին, սա համարում եմ մեր հայկական կողմի բացթողումը, որ չեն կարողացել ժամանակին հավուր պատշաճի կազմակերպել այդ պատական հուշարձանների տեղափոխությունը»,- շեշտեց նա:

Գևորգ Մելքոնյանը զուգահեռներ անցկացրեց Հայրենական մեծ պատերազմի հետ և նշեց, որ այդ պատերազմի ընթացքում, չնայած՝ նրան, որ գերմանական զորքերը շատ կազմակերպված, արագ հարձակվում էին և Խորհրդային միությունն առաջին տարին մեծ նահանջի մեջ էր, բայց անգամ այդ ծանր ժամանակ, այդ ամբողջ նահանջի ժամանակ գրեթե ոչ մի մեծ պատմական հուշարձան չմնաց թշնամու ձեռքը: Նրա խոսքով՝ գործարաններն ապամոնտաժվում էին, իսկ պատմաշակութային կոթողները՝ տեղափոխվում:  «Իսկ մեզ մոտ բացարձակապես այդ ոլորտին ուշադրություն չդարձվեց: Ամբողջ պատերազմի ընթացքում մենք խոսում էինք Շուշիի Ղազաչենցոց եկեղեցու հարվածներ հասցնելու, ռմբակոծություն մասին, բայց միևնույն ժամանակ մեր երկրի քաղաքական, ռազմական ղեկավարությունը առաջին հերթին, որքան էլ պատերազմը ծանր էր, պարտավոր էր կազմակերպել սահմանին գտնվող կամ թշնամու ձեռքն ընկնելու հնարավորություն ունեցող բոլոր հուշարձանների տեղափոխությունը, որը հնարավոր էր․ շարժականի մասին է խոսքը, սակայն դա չիրականացվեց»,- հայտարարեց նա:

Պատմաբանի խոսքով՝ այդ հուշարձանների ճակատագիրն այսօր չպետք է թողնվի միայն ռուսական խաղաղապահների հոգածության ներքո, որովհետև վերջին դեպքերը ցույց տվեցին, որ նրանք կհսկեն դրանք այնքան, ինչքան իրենց հետաքրքրությունների շրջանակում է: Գևորգ Մելքոնյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը պետական մակարդակով դիմի միջազգային կառույցներին: «Չգիտեմ՝ այդ կառույցները որքանով քայլ կանեն, բայց պետք է դիմել, ներկայացնել հուշարձանների ամբողջ ցանկը և պահանջել, անգամ՝ սպառնալ, որ դուրս կգա ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից, որ միջազգային կառույցները յուրաքանչյուր 5-6 ամիսը մեկ մոնիթորինգ իրականցնեն: Այսինքն՝ իրականացնեն պատմական հուշարձանների մոնիթորինգ․ սա որոշակի առումով կսթափեցնի Ադրբեջանին, որովհետև եթե իմանան՝ անընդհատ մոնիթորինգի տակ են լինելու, գուցե մի փոքր ավելի ուշադիր լինեն մեր հուշարձանների նկատմամբ»,- ասաց նա:

Հարցին՝ պետությունը դիմե՞լ է պատմաբաններին այս հարցի շուրջ խորհդակցությունների համար, Մելքոնյանն արձագանքեց. «Պետությունը պատմաբանների հանդեպ որևէ հետաքրքրություն չունի: Վերջին տարիներն էլ դրա վառ ապացույցն են՝ հաշվի առնելով, որ հայոց պատմության ժամերը հանվում են: Ո՛չ, իհարկե չի դիմել»:

Պատմաբանը նշեց, որ ստորագրած խայտառակ համաձայնագրով մենք կորցրել ենք պատմական Արցախ գավառի հարավային և արևելյան դաշտավայրային ամբողջ շրջանները: «Մեր Մեծ Հայքի պատմական Արցախ նահանգն առանց որևէ կրակոցի հանձնեցին Ադրբեջանին, սա իսկապես աննախադեպ պայմանագիր էր, նաև շատ նվաստացնող և հարյուր տարի անց սա Ալեքսանդրապոլի պայմանագրի կրկնություն էր: Եթե նայենք Արցախի ողջ պատմությունը, ապա կտեսնենք՝ Արցախի պատմության մեջ երբեք Լեռնային Արցախի շրջանները, բացառությամբ 1921 թվականի, քանի որ դա բոլշևիկների ճնշման տակ էր, երբեք չի հանձնվել»,- ասաց նա: