Տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ կոչերը վտանգ են ներկայացնում Բելառուսի պետականության համար. երկրի ԱԳՆ ղեկավար

02:23 • 23.11.20

Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը հայտել է, որ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ կոչերը երկրի պետականության համար մեծ վտանգ են ներկայացնում: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:

Մակեյը մեկնաբանել է գործող իշխանության ընդդիմախոսների կողմից հնչեցվող պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ նախաձեռնությունները:

«Իմ ընկալմամբ՝ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ այդ կոչերը ոչ միայն մեծ հիմարություն են, այլև մեծ վտանգ են ներկայացնում առհասարակ Բելառուսի պետականության համար: Եվ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ այն բարիք կբերի, ապա նա խորապես սխալվում է»,- ասել է Մակեյը «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակվել է երկրի ԱԳՆ կայքում:

Նա ընդգծել է, որ չի ասում, թե իբր Բելառուսում «ամեն ինչ կատարյալ է և գեղեցիկ»:

«Ես նույնպես կողմ եմ փոփոխությունների, սակայն ոչ հեղափոխության, փողոցային ճնշման, շանտաժի, սպառնալիքների և այլ ճանապարհով: Իմ խորին համոզմունքն է, որ հեղափոխությունը միշտ մահ է, արյուն և արցունքներ»,- ընդգծել է բելառուս նախարարը՝ հավելելով, որ այդ ամենը լավ տեսանելի է հիմա: