Յուրիի կյանքի գունավոր ժապավենը մնաց կիսատ. նա զոհվեց պատերազմի առաջին օրը (տեսանյութ)
Յուրի Հովսեփյանի վերջին ճանապարհը դեպի դիրքեր էր. պատերազմի հենց առաջին ժամերից Յուրին ընկերների հետ շտապեց դիրքեր՝ վիրավորներին օգնելու:
«Գնում էինք դիրքեր, որ եթե վիրավորներ լինեն, օգնենք: Իրականում չգիտեինք, որ կռիվը նման մասշտաբների է», - պատմում է Յուրիի ծառայակից ընկերը՝ Հայկ Աղաջանյանը:
Յուրին շտապօգնության մեքենայի վարորդ էր: Մեքենան թիրախավորել էին դիրքեր գնալու ճանապարհին:
«Սկսեցին մեզ վրա կրակել: Յուրին փորձեց մեքենան թեքել, որովհետև այդ պահին ոչ առաջ կարող էինք գնալ, ոչ էլ հետ: Յուրին նստեց մեքենան, ու սկսեցին մեքենային խփել: Մի գնդակն էլ Յուրիին դիպավ, միայն հասցրեց իրեն դուրս գցել մեքենայից», - պատմում է Հայկը:
Յուրիին ճանաչողները լավ գիտեին՝ եթե կա լարվածություն, Յուրին հաստատ կիզակետում է, որովhետև նա երբեք չէր վախենում, ոչնչից չէր փախչում:
Յուրին սովորում էր Ռուսաստանի Դաշնությունում: Առաջին կուրսի ուսանող էր: Հայրենի հողի կանչով ու վճռականությամբ վերադարձել էր Հայաստան ու անցել ծառայության:
Հնարամիտ ու հավասարակշռված տղան դասերից գրեթե չի բացակայել: Հիմա էլ ոչ դպրոցում, ոչ էլ կյանքում, իրեն բացակա չեն դնում:
Կռվի առաջին րոպեներից բոլորի հույսը մեկն էր՝ Յուրին ճարպիկ է, մի հնար կգտնի:
«Չէի մտածում, որ Յուրիի հետ ինչ-որ բան կլինի. Յուրին շատ բախտավոր էր ու կարողանում էր բոլոր իրավիճակներում ելք գտնել: Այս անգամ էլ, հույս ունեի, որ մի հնար կգտնի», - պատմում է Յուրիի դասընկերուհին՝ Վալենտինա Ստեփանյանը:
Յուրիի գտած ելքը պահի հրամայականն էր: Պատերազմի առաջին օրը նրա պատիվն ու հայրենասիրությունը խաչվեցին մի կետում: Հենց այդ կետում էլ ավարտվեց հերոսի կյանքն ու կռիվը:
Մանրամասները՝ տեսանյութում:










