Եթե այս իշխանությունները մնան, ապա ՀՀ-ն կանգնած է լուրջ վտանգի առաջ` դառնալու Սիրիա. Արա Վարդանյան (տեսանյութ)
ժողովրդին խաբել են, բայց ցավոք սրտի, ժողովուրդը դրա համար վճարել է անհամեմատ շատ ավելի բարձր գին, քան պետք է վճարեր, մենք վճարել ենք հարյուրավոր գյուղերով, հազարավոր կյանքերով: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:
Նա նշեց, որ դեռ պետք է հասկանանք, թե Արցախից ինչ մնացել է` ոնց ենք պահելու, քանի որ այսօր Արցախի երաշխավորը դարձել է ՌԴ-ն այլ ոչ թե ՀՀ-ն: «Եթե այս իշխանությունները մնան, ապա այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ վտանգի առաջ` դառնալու Սիրիա, դառնա մարտի դաշտ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, դա ամենավտանգավորն է»,-ասաց նա և նշեց, որ այս իշխանության մնալու դեպքում նաև ամենախոշոր արտագաղթին ենք ականատես լինելու:
Արա Վարդանյանը նկատեց, որ այս 2,6 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը անհասկանալի արտաքին քաղաքականություն է վարել և կարծես անընդմեջ մեզ տարել է դեպի Թուրքիա: Նա հարց բարձրացրեց, թե ինչու իշխանության որևէ ներկայացուցիչ համարժեք պատասխան չի տալիս Իլհամ Ալիևի ծաղրանքներին: «Միգուցե Նիկոլ Փաշինյանի վրա այդ երկրում կա կոմպրոմատ, կամ մեկ այլ անձի նկատմամբ կա, բայց եթե այդպես է, ապա պետք է Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռանա»,-ասաց նա և նշեց, որ Ժողովուրդը հասկացել է, որ որքան մահաբեր է այս իշխանությունը:
«Այն օրերին ինչ հանձնվում է թուրքերին, այդ տարածքներում բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել և սրտիցս արյուն է կաթում, երբ տեսնում եմ, որ հարյուր հազարավոր հայերի նվիրատվություններով կատարված ծրագրերը հանուն ոչնչի հանձնվում են: Այս պատերազմում մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, իրենց ստիպել են պարտվել, նրանք պատրաստ էին գնալ մինչև վերջ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախկինների իշխանության գալու հարցին, ապա Արա Վարդանյանը նկատեց, որ այսօր Հայաստանը ղեկավարում են նախկինների նախկինները: «Ինձ համար մեկ է, թե ապագա Հայաստանի ղեկավարը կլինի ապագա, ներկա, նախկին, ինձ պետք է այդ մարդը լինի կարող լուծել Հայաստանի խնդիրներ: Ցավոք սրտի, Հայաստանը այնպիսի վիճակում է, որ ցանկացած անձ, որը կվերցնի իշխանությունը, իրեն երևի պետք է արձան կանգնացնել, մեր տնտեսությունը փլուզված և տնտեսական կոլապսին մոտ վիճակի մեջ է»,-ասաց նա:
Արա Վարդանյանը ավելացրեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, նա փորձեց արմատախիլ անել բոլոր քիչ թե շատ կայացած կառույցները և հենց առաջինը երկրապահն էր, իսկ երկրապահին խփելու ամենալավ միջոցը Մանվել Գրիգորյանի դեմ սարքած քրեական գործն էր:










