ՄԱԿ-ը պատրաստվում է ականազերծման առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

23:58 • 23.11.20

ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը նախատեսում է դեկտեմբերի սկզբին սկսել Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ օգնության գնահատումը՝ այնտեղ հատուկ առաքելության անհապաղ տեղակայման համար:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի խաղաղապահական գործողությունների հարցերով վարչության ներկայացուցիչը:

«ՄԱԿ-ի ականազերծման հարցերով ծառայությունն աշխատում է Լեռնային Ղարաբաղում առաքելության անհապաղ տեղակայման ուղղությամբ՝ կողմերի համապատասխան դիմումով պայմանավորված և ՄԱԿ-ի այլ ստորաբաժանումների հետ համաձայնեցմամբ: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտ օգնության գնահատումը կմեկնարկի դեկտեմբերի սկզբին»,– ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: