Իշխանություններն անգամ չգիտեն, թե պետական որ մարմինն ինչ պետք է անի. Լարիսա Ալավերդյանը՝ անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքների մասին
Խնդիրն այն է, որ մեր իշխանությունների մեծ մասը չի հասկանում ո՛չ կառավարման բուն համակարգի օրենքներից, ո՛չ այդքան նրբանկատություն պահանջող ոլորտից: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով անհայտ կորած զինծառայողներին գտնելու համար տարվող աշխատանքների մասին:
Ալավերդյանն առաջին հերթին շեշտեց, որ տեղեկատվության հավաքագրման գործով զբաղվողները շատ լավ են աշխատում, հատկապես՝ վերջին մեկ շաբաթում, երբ տարվող աշխատանքներն իրականացվում է ՀՀ ՊՆ անհայտ կորածների և գերեվարվածների հանձնաժողովի նախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանի կողմից: Ըստ նրա՝ Ոսկանյանը շատ ճիշտ և համակարգված է աշխատում:
«Մեր կազմակերպությունն անհայտ կորած զինծառայողների որոնման հարցով զբաղվող հանձնաժողովի անդամ է, և մենք անձամբ ենք տարվող աշխատանքների հերթականությունն ուսումնասիրել: Խնդիրն այն է, թե ինչու են երկրի ղեկավարները հիմա հանդիպում ծնողների հետ, որովհետև երբ առաջին անգամ ծնողը մոտենում է իր խնդրով, արդեն պետք է նրա հետ աշխատանքներ իրականացնել, այսինքն՝ չպետք է թողնեին, որ նրանց մեջ եղած աննկարագրելի ցավը զայրույթ դառնար»,-ասաց նա:
Խոսելով ծնողների հետ հանդիպման մասին՝ Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ նման հանդիպումները ոչ թե բերում են տեղեկությունների ավելի շուտ հավաքագրմանը կամ որոնումների ավելի շուտ դրական արդյունքին, այլ փոքր-ինչ իջեցնում է այն անհանգստությունը, որոնք կան ծնողների մեջ: Ալավերդյանը ծնողներին դիմելով՝ ցանկացավ ընդգծել, որ զայրույթից առաջացած որևէ գործողություն արդյունավետության բարձրացում չի բերելու, սակայն նշեց, որ դատապարտել չի կարող, քանի որ մարդիկ ցավի մեջ են:
«Պետք է հասկանալ, որ ծնողների հետ տարվող աշխատանքներն այլ են, զինծառայողներին որոնելու աշխատանքներն այլ են: Պետք է աշխատել ամեն հնարավոր տարբերակով, պետք չէ սպասել, որ հարյուրավոր մարդիկ հավաքվեն: Պետք է աշխատել հրամանատարների հետ, հասկանալ, թե ինչպես է լինում, որ մի մասը վերադարձել է, իսկ մեկը չի վերադարձել, քանդել այդ ինֆորմացիան, որովհետև այն, ինչ հիմա արվում է ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի շրջանակում, արվում է ծնողների, հարազատների տված տեղեկություններով, որոնք հավաքվում են, համեմատվում են»,- նշեց նա և հավելեց, որ աշխատանքները հիմնականում կատարվում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի հայկական ներկայացուցիչների հետ:
Տարվող աշխատանքների ուշացման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը ընդգծեց, որ արդեն շատ տեղեկություններ ունի, ըստ որոնց՝ Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցիչներն ինչքան կարողանում են, խոչընդոտում են, որի մասին պետք է մեր զինծառայողների ծնողներն իմանան: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը աշխատանքներին խոչընդոտում է այն պատճառով, որ ժամանակ ձգեն, որպեսզի զոհվածների, ռազմագերիների մարմնի վրա եղած խոշտանգումները հնարավորինս անապացուցելի լինեն: «Պետք է ծնողները իմանան, որ սա միակողմանի չէ, իսկ իշխանությունները, իրականում, անգամ չգիտեն, թե պետական որ մարմինն ինչ պետք է անի»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ծնողների երեկ տեղի ունեցած հանդիպմանը՝ վերջինս այն որակեց Փաշինյանի պոպուլիստական քայլերից մեկը: «Ի՞նչ կարող էր նա անել: Հայտարարեց, որ պետք է կազմավորվի մի հանձնաժողով, որն արդեն կազմավորված էր, լուծարված չէր, իսկ վերջին կազմը հաստատված էր իր հրամանով: Սա անտեղյակության, անտարբերության, պատասխանատվությունն իրենց վրայից գցելու սովորութային նորմ է դարձել, որից ես ինձ վատ եմ զգում»,- նշեց նա և ավելացրեց, որ ծնողների պահանջը լսելուց հետո պետք է ակտիվանային մնացյալ բոլոր կառույցները՝ զբաղվելով ծնողների սոցիալական, հոգեբանական խնդիրներով, տեսնել, թե ցանկացածն ինչի կարիք ունի և տեղի անտեղի չշահարկեին ԱՀ և ՀՀ ՄԻՊ-երի աշխատանքների մասին, որոնցից ըստ Ալավերդյանի՝ պետք է օրինակ վերցնել:
Խոսելով զոհվածների, վիրավորների և անհայտ կորած զինծառայողների թվի մասին, որոնք մինչ այսօր պաշտոնական չեն հայտարարվել՝ Ալավերդյանը շեշտեց, որ անհայտ կորած զինծառայողների պաշտոնական թիվը գուցե մինչև այս տարվա վերջ լինի, իսկ զոհվածների և անհայտ կորածների թիվը մտնում է նույն շաղկապված ցուցակի մեջ, բայց այսօր հնարավոր է հստակեցնել վիրավորների թիվը:










