Երևանի ավագանին որոշումներ է կայացնում, իսկ այս կամ այն պաշտոնյան կարող է դրանք անտեսել և կայացնել կամայական որոշումներ. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

15:19 • 24.11.20

Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանին որոշում ընդունեց Երևանի կենդանաբանական այգու կանոնադրության փոփոխության նախագիծ, որում հստակեցումներ մտցվեցին կառավարման մոդելում, և 30 աշխատանքային օրվա ընթացքում կառավարման խորհուրդ պետք է ձևավորվեր: Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:

«Մինչ օրս չի ձևավորվել և ոչ թե 30 օր, այլ ավելի քան 3 ամիս է անցել, անգամ նախագիծը չի ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վավերացման: Ինչ է դուրս գալիս, Երևան բարձրագույն մարմինը` Երևանի ավագանին, որոշումներ է կայացնում, իսկ գործադիր մարմնի այս կամ այն պաշտոնյան կարող է այդ որոշումները անտեսել և կայացնել կամայական որոշումներ: Ես հասկանում եմ, որ ավագանու ինստիտուտը բավական թերություններ ունի, բայց այդ աստիճա՞ն, որ արհամարհվեն որոշումներ և տեղի ունենա ինքնագործունեություն, էլ ինչի համար ենք քննարկումները, քվեարկությունները, այս նիստերը»,-ասաց նա:

Ավագանու անդամը հարց բարձրացրեց, թե Երևան համայնքի գործադիր համայնքի ո՞ր պաշտոնյայի թերացումն է ավագանու որոշումները չկատարելը և ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսված: