Եռակողմ հայտարարության որոշ կետեր խախտվել են, իսկ գերիներին ու զոհվածներին գտնելու գործընթացի ժամկետը դեկտեմբերի 1-ն է. փաստացի մինչ այժմ ոչինչ չի արվել. անհետ կորածների հարազատ
Եղբայրս կապի դուրս չի եկել հոկտեմբերի 2-ից, վերջին զանգը եղել է Ջեբրայիլից, նրա որդին՝ հոկտեմբերի 10-ից, Հադրութի տարածքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը, որը փնտրում է եղբորն ու վերջինիս որդուն:
Նրա խոսքով՝ մինչև անհետ կորած զինծառայողների հարցով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը՝ փաստացի ոչինչ չի արվել: «Կան տարածքներ, որ մտել, նայել են: Որոշ տարածքներ մտնել չի լինում: Փոխվարչապետին էլ ենք հարցրել, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի չթողնել, ի՞նչ է լինելու: Ավինյանն ասաց՝ կա եռակողմ հայտարարություն, որի մեջ կետ կա, որ մինչև դեկտեմբերի 1-ը գործընթացը պետք է ավարտված լինի, բայց մի շաբաթում չեն հասցնի, որովհետև սրանից առաջ հանդիպում եղավ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, նա ասաց՝ որ պահին արդեն թողնեն մտնել տարածքներ, երկու շաբաթվա ընթացքում կվերջացնեն գործընթացը»,- ներկայացրեց անհետ կորածների հարազատը:
Դիտարկմանը, որ եթե ադրբեջանական կողմը թույլ չի տալիս որոշ վայրերից հանել գերիներին ու զոհվածների դիերը, Կառավարությունն ընդունու՞մ է, որ Ադրբեջանի կողմից խախտվել է պայմանավորվածությունը, անհետ կորածների հարազատն ասաց. «Կառավարությունն ասում է՝ փնտրում են այն լծակները, որոնք կարող են ազդել Ադրբեջանի ղեկավարության վրա, որ այդ կետերը չխախտվեն, բայց, ինչպես տեսնում եմ, այդ պայմանագրից արդեն մի քանի կետեր խախտվել են: Բայց եթե դրանք տարածքային հարցեր են, սա արդեն մարդկանց մասին է»:
Նա հայտնեց, որ նաև ստորագրահավաք են անում, որ եթե հարցին լուծում չտրվի, փորձեն այն իրավական դաշտում լուծել: «Արդեն շուրջ 280 հոգի՝ անհետ կորածների հարազատներ, ստորագրել են: Ես պարոն Ավինյանին ասել եմ, որ եթե մենք տեսնենք՝ ոչ մի պետական տարբերակով ոչ մեկը չի արձագանքում, այս ամենը մտնելու է իրավական դաշտ: Մեր հարցը պետք է ոչ թե այսպես բանավոր լինի, այլ գրավոր: Եթե պետք լինի դատարաններ գնալ, մինչև վերջ գնալու ենք: Մենք ակնկալում ենք, որ շատ արագ լինի, ժամկետներն օրեցօր սպառվում են»,-ասաց նա:
Անդրադառնալով երեկ անհետ կորածների հարազատների՝ Կառավարությունում կայացած հանդիպմանը՝ Ղուկասյանն ասաց, թե դրան մասնակցել է փոխվարչապետը, ՊՆ-ից ներկա է եղել միայն Վիտալի Ոսկանյանը՝ միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարը: Ղուկասյանի խոսքով՝ նրանց առաջարկ է եղել ծնողների խումբ կազմել, որոնք անհրաժեշտության դեպքում կմասնակցեն Կառավարության նիստերի, կներկայացնեն տվյալները՝ քարտեզագրումների համար:
Նա նշեց նաև, թե խնդրագիր են կազմել, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանի միջոցով դիմեն ՌԴ-ի ղեկավարությանը, որպեսզի աջակցի այս հարցի շուտափույթ լուծմանը:










