2020թ. ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամն կուղղվի Ստեփանակերտի վերականգնմանը

15:08 • 24.11.20

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն որոշմամբ բյուջեից ևս 100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Այդ նպատակով 2020թ. բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի՝ թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական հիմնարար աշխատանքների իրականացմանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին գումարված արտահերթ նիստում ևս որոշում կայացվեց համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացնել Ստեփանակերտին՝ նախատեսվող հիմնարար բնույթի աշխատանքների իրականացման համար: