«Ով ոչնչացնի այն, դատաստանի օրը պատասխան կտա Աստծո առաջ». Թուրքիայում հայտնաբերվել են հին հռոմեական գերեզմաններ՝ 1500-ամյա գրությամբ
Բուրսայի Իզնիք շրջանում գտնվող 10 հեկտարանոց ձիթապտղի այգում հին հռոմեական գերեզմաններ են հայտնաբերվել, որոնցից մեկի քարի վրա 1500-ամյա գրություն է հայտնաբերվել. այն թողել է մի կին` իր ամուսնու և որդու գերեզմանին: Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
Իզնիքի թանգարանի տնօրեն Ահմեթ Թյուրքմենօղլուն տեղեկացրել է, որ հայտնաբերված քարից պարզ է դառնում, որ գերեզմանը 5-րդ դարի է, կառուցել է մի կին` իր 48-ամյա ամուսնու և 14-ամյա որդու համար:
Քարի վրա գրված է.«Ես Հերենիա Վիտալիան եմ: Այս գերեզմանը կառուցել եմ 48 տարի ապրած իմ սիրելի ամուսին Լուլիուս Վալենտին Քրիստիանի և 14 տարի ապրած իմ որդի Լուլի համար: Ոչ ոք իրավունք չունի քանդել այս գերեզմանը: Ով ոչնչացնի այն, դատաստանի օրը պատասխան կտա Աստծո առաջ»:
Նշվում է, որ բացի այս գերեզմանոցից հայտնաբերվել են նաև 3 դագաղ և մի քանի այլ դամբարաններ:










