Նոյեմբերի 10-ի խուլիգանական արարքներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատողներ` ծածուկ, գլխարկները դեմքներին քաշած. «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ

15:19 • 24.11.20

Այո, մենք կրում ենք քաղաքական պատասխանատվություն, և ես ինքս կրում եմ տեղի ունեցած բոլոր իրադարձությունների քաղաքական պատասխանատվությունը և դրա կրողներից մեկն եմ, ես ընդունում եմ իմ մեղքի բաժինը:  Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ նոյեմբերի 10-ի, մեղմ ասած, խուլիգանական արարքներին մասնակցել են նաև մարդիկ, ովքեր աշխատում են Երևանի քաղաքապետարանում. ծածուկ, գլխարկները դեմքներին քաշած: Ուզում եմ ասել, որ տղե՛րք, դուք սովորական, մեղմ ասած, խուլիգաններ եք և ձեր ժամանակները հետ չեն գալու»,- ասաց նա և նշեց, որ անուններ չի հնչեցնի:


Լևոն Զաքարյանը նշեց, որ եթե ժողովուրդը պահանջի, որ իրենք հեռանան, ապա իրենք կանեն դա, քանի որ ոչ ոք այս իշխանություններից ոչնչից կառչած չէ:

Խոսելով խնդիրների մասին՝ նա հայտնեց, որ ահազանգեր են ստացվել, որ վատ վիճակում է այս օրերին քաղաքի լուսավորությունը: «Այս օրերին նաև սկսել են ու շատացել են ապօրինի շինարարությունները, որովհետև մարդիկ բոլորն իրար նման չեն, մեկը չի կարողանում սթափվել, իսկ մարդիկ կան, որ այս օրերին ապօրինի շինարարություններ են անում  և դա անում են նույնիսկ բազմաբնակարանային շենքերի տեսքով»,- ասաց նա և նշեց, որ մի այդպիսի շինարարություն կանգնեցվել է: