Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շուրջ 1300 փախստական է վերադարձել Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

04:01 • 24.11.20

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 23-ին Հայաստանից Լեռնային Ղարաբաղ փախստականների տեղափոխող ավտոբուսների հերթական խմբին են ուղեկցել, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Հայաստանից մեկնած 32 ավտոբուսով շուրջ 1300 փախստական է տեղափոխվել Ստեփանակերտ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում ավարտվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նոյեմբերի 23-ին հայտնել էր, որ խաղաղապահների, ընդհանուր առմամբ, ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել նախկինում տեղահանված ավելի քան 11 000 քաղաքացի: