Թրամփը խորհուրդ է տվել իր թիմին սկսել Բայդենի վարչակազմին լիազորությունների փոխանցման սկզբնական ընթացակարգերը

05:29 • 24.11.20

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակազմին խորհուրդ է տվել անել ամեն բան, ինչն անհրաժեշտ է հաջորդ վարչակազմին լիազորությունների փոխանցման սկզբնական ընթացակարգերն իրագործելու ուղղությամբ, թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում է կատարել Թրամփը:

«Մենք շարունակում ենք պայքարը և վստահ եմ, որ հաղթելու ենք: Մեր երկրի շահերից ելնելով` խորհուրդ եմ տալիս Էմիլիին (Սպիտակ տան աշխատակազմի ընդհանուր հարցերով բաժնի ղեկավարը-խմբ.) և նրա թիմին անել այն ամենն, ինչն անհրաժեշտ է հաջորդ վարչակազմին լիազորությունները փոխանցելու սկզբնական ընթացակարգերն իրագործելու համար: Իմ թիմին ասել եմ նույնն անել»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակված արդյունքների` ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը` ստանալով ավելի քան 270 ընտրիչի ձայն, այնինչ գործող նախագահ ու հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պնդում է, որ ընտրակեղծիքներ են եղել, ինքն է հաղթանակ տարել, և դա ապացուցելու է արդյունքների դատական վիճարկման արդյունքում: Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ ու միջազգային կառույցների ղեկավարներ արդեն իսկ շնորհավորական ուղերձներ են հղել Բայդենին: