Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշի նոր հակառեկորդ է գրանցվել

13:38 • 24.11.20

Ստամբուլի քաղաքապետարանի գերեզմանատների վարչությունը (İMM) հայտարարել է , որ միայն երեկ՝ նոյեմբերի 23-ին, Թուրքիայի խոշորագույն քաղաքում «վարակիչ հիվանդությունների հետևանքով» մահացել է 201 մարդ, փոխանցում է Bianet տեղեկատվական գործակալությունը։

İMM-ի տվյալներով՝ 15 միլիոն բնակչությամբ Ստամբուլում, ընդհանուր առմամբ, մահացել է 442 մարդ, որից 201-ի դեպքում մահվան պատճառը նշվում է «վարակիչ հիվանդությունը»։ Սակայն Թուրքիայի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվայներով՝ վերջին մեկ օրում ամբողջ երկրում կորոնավիրուսով պայմանավորված Covid-19-ի հետևանքով մահացել է 153 մարդ, ինչը համավարակի ընթացքում Թուրքիայում մեկ օրվա կտրվածքով գրանցված առավելագույն ցուցանիշն է։

Ավելի վաղ EADaily-ն հաղորդել էր, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն նոյեմբերի 23-ին քաղաքի խոշորագույն Գյուրպինար ձկնաբուծարան կատարած այցի ժամանակ խոսել էր նաև քաղաքում տիրող համաճարակաբանական իրավիճակից՝ պատասխանելով ձկնաբուծարանի աշխատակիցների հարցերին։

«Թույլ տվեք անկեղծ ասել, եթե իշխանությունները սահմանափակումներ են սահմանում համավարակի պատճառով, ես հարգանքով եմ մոտենում ձեռնարկված բոլոր միջոցառումներին։ Դուք նույնպես պետք է հարգանք ցուցաբերեք։ Ես պետք է սա ասեմ։ Երեկ երեկոյան Ստամբուլում մահացել է 186 մարդ։ Ի՞նչ պետք է հիմա անեմ։ Լռեմ և կո՞ւլ տամ ամեն ինչ։ Ես չեմ կարողանում գիշերները քնել։ Մենք այնքան վատ վիճակում ենք, դուք պետք է դա իմանաք», - ասել է քաղաքապետը։