Ռազմական դրության չեղարկման հարցն ԱԺ արտահերթ նիստում չի ընդգրկվի. ԼՀԿ նախագծին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Իմ քայլը» դեմ քվեարկեց
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դեմ քվեարկեցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության`ռազմական դրության չեղարկման հարցըԱԺ վաղվա արտահերթ նիստում ընդգրկելու առաջարկին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց հնչեցրեց՝ ովքե՞ր են կողմ վաղը գումարվող ԱԺ արտահերթ նիստում ընդգրկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից`ռազմական դրության չեղարկման վերաբերյալ առաջարկը, սակայն ընդդիմադիր խմբակցության առաջարկը չընդունվեց:
Նշենք, որ ԼՀԿ նախագծին դեմ քվեարկեցին իմքայլական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արեն Մկրտչյանը, Սիփան Փաշինյանը և Քրիստինե Պողոսյանը:
Առաջարկ էր ներկայացրել նաև իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ կառավարությանը մեկ շաբաթ ժամկետ տրվի, որ վերջինս կարողանա մանրակրկիտ կերպով ամբողջացնել ռազմական դրությանը վերաբերող բոլոր ծրագրերը, այնուհետև ներկայացնել դրանք:
Նշենք, որ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ներկայացնելով խմբակցության առաջարկը, ընդգծել էր՝ ռազմական դրության իրավական ռեժիմի օրենքի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանագամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը ենթակա է վերացման:
«Պատերազմի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին արված հայտարարությունը վերջ է դրել մարտական գործողություններին: Պատճառները, որոնց համար բերվել էր ռազմական դրությունը, կարելի է համարել վերացած, սակայն սահմանափակումները, որոնք դրված էին հավաքների և գործադուլների իրականացման, հրապարակումների, հաղորդումների իրականացման վրա, և այլ սահմանափակումներ, դեռ շարունակում են գործել՝ ունենալով նաև տնտեսական հետևանքներ»,-նիստի մեկնարկին հայտարարել էր պատգամավորը:
«Բացի տարբեր ոլորտներում ժողովրդավարության սահմանափակումներից՝ մենք ունենք շատ լուրջ տնտեսական խնդիրներ: Մենք կարծում ենք, որ ռազմական դրությունն օր առաջ հանելը կնպաստի այսօր առկա ճգնաժամը մեղմելուն»,-նշել էր պատգամավորը:










