Շատերը ողջունում են հացադուլը՝ ասելով, որ միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին. ինչպես ենթադրում եմ՝ Հայաստանի տարբեր անկյուններում ու սփյուռքում շատերն ունեն նույն պահանջը. Գեղամ Մանուկյան

22:08 • 25.11.20

Այսօրվանից մենք սկսում ենք ծրագիր՝ հանրային քննարկումներ, որ և՛ հացադուլն իմաստավորված լինի, և՛, նաև, իմ մասնագիտական գործունեությանը կարողանամ բովանդակություն հաղորդել: Այս մասին Կառավարության դիմաց հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, ով, երրրոդ օրն է, հացադուլ է իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Ամեն օր, երեկոյան` 21:00-ին, կես ժամանոց ծրագրով այստեղ լինելու են տարբեր քննարկումներ՝ քաղաքական, հասարակական, ռազմական փորձագետների մասնակցությամբ, որ հասկանանք՝ ինչ իրավիճակում ենք»,-ասաց Մանուկյանը:

Նա նաև նշեց, թե անցնող երեք օրերին Կառավարության շենքի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

«Շատերը ողջունում են հացադուլի նախաձեռնությունը՝ ասելով, որ միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Ինչպես ենթադրում եմ՝ Հայաստանի տարբեր անկյուններում ու նաև սփյուռքում շատերն են նույն պահանջը ներկայացնում»,-ասաց ՀՅԴ անդամը:

Նրա խոսքով՝ շատերն էլ նշել են, թե չարժե հացադուլի գնալ. «Նշում էին, թե անսիրտ մարդ է, այդքան զոհերի պայմաններում անգամ չի ընկրկում, սրտի խայթ նույնիսկ չունի, և հիմա հացադուլով որևէ հարց չի լուծվի, բայց ես համոզված եմ, որ այսօր հանրապետությունում ցանկացած քայլ իմաստ ունի՝ այդ պահանջը՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ապահովելու համար»,-ասաց Մանուկյանը: