Մոնթեն խոստովանել էր՝ Քարվաճառի ազատագրումը չափազանց վտանգավոր գործողություն էր. Մոնթեի ծննդյան օրը Քարվաճառը հանձնվեց թշնամուն (տեսանյութ)
Մոնթեն առասպել էր. լեգենդ, որը եկել էր՝ հաղթելու համար: Առանց խաղաղ կյանքի՝ Մոնթեն գնում էր խաղաղության հետևից: Նոյեմբերի 25-ին ազգային հերոսի ծննդյան օրն է:
Մոնթեն ծնվել է Կալիֆոռնիայում՝ ցեղասպանությունը վերապրած ընտանիքում: 41 տարբեր երկրներ, շրջագայություններ ու վերջում՝ իր պապական հայրենիք: 12 տարեկանում Մոնթեն իմացավ, որ հայ է: Բացահայտումը ճակատագրական էր հայրենիքի ու հենց իր համար: Առաջին անգամ Մոնթեն Հայաստան եկավ 1990 թվականին:
Այստեղ էլ 91-ի օգոստոսին ամուսնանում է իր կյանքի միակ սիրո՝ Սեդայի հետ: Հայաստան գալուց մեկ տարի անց Շահումյանում իրավիճակը լարվեց: Մոնթեն դարձավ Ավո ու մեկնեց ռազմաճակատ: Իր հերոսական ժամն իրեն էր սպասում: 92-ին Մոնթեին վստահվեց Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը:
Ավոյի համար գիշեր-ցերեկ գոյություն չուներ: Նա արմատներով կպած էր հայրենի հողին: Մոնթեին ոչինչ չէր կանգնեցնում: Կար նպատակ՝ ազատագրել հայրենիքը: Մարտի դաշտում Մոնթեն առաջին հերթին զինվոր էր, հետո միայն՝ հրամանատար: Նա էմոցիոնալ էր, արդար ու խստապահանջ:
Զինվորների հանդեպ որքան հոգատար էր, այնքան էլ խիստ. եթե սխալվել են, պիտի պատժվեն: Նույնիսկ իր ջոկատի տղաներին Մոնթեն պատժել էր ու վտարել Մարտունուց: Նրանք ինքնագլուխ անցել էին արգելված չեզոք գոտին ու պայթել ականի վրա:
Պատերազմի ընթացքում Մոնթեն հարազատների ուղարկած համազգեստը տալիս էր զինվորներին: Ինքը մնում էր իր մաշված ու կարկատված համազգեստով:
Մոնթեն իսկական խենթ էր. անում էր այն, ինչ կհրաժարվեր անել յուրաքանչյուր խելամիտ մարդ: Մոնթեի ղեկավարած ամենափայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի գրավումն էր:
Մոնթեն բարդություններից չի խուսափել ու երբեք դրանց մասին չի խոսել: 93 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Արցախի հերոսի ղեկավարությամբ ազատագրվեց Քարվաճառը: Ու միայն դրանից հետո Մոնթեն Սեդային խոստովանեց՝ դա չափազանց վտանգավոր գործողություն էր:
Լեգենդար հրամանատարը զոհվեց 93-ի հունիսի 12-ին: Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթեն զինակիցների հետ իջնում է՝ իրավիճակն անձամբ ստուգելու: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղում անսպասելի հանդիպելով հակառակորդի զրահամաքենային՝ անհավասար մարտի են բռնվում: Մոնթե Մելքոնյանը զոհվում է զրահամաքենայի արձակած հրթիռի բեկորից:
Մոնթեն ծնվել էր՝ հանուն Արցախի անկախության: Ծնվել էր՝ Քարվաճառն ազատագրելու: Նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյան օրը փակվեցին Քարվաճառի դարպասները: Քարվաճառը հանձնվեց թշնամուն ու շրջվեց հայոց պատմության վերջին էջը:
Մանրամասները՝ տեսանյութում:










