Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևի մասին
Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի նախագծին, գրել է, որ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։
«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն այսօր ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:
Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:










