«Մեր ազգային շահը պահանջում է, որ Վաշինգտոնը քայլ անի՝ զսպելու Անկարայի՝ նոր կայսրություն ստեղծելու երազանքները». New York Post
Կովկասում վերջերս տեղի ունեցած պատերազմի ամբողջ էությունը պատկերված է տեսանյութում, որում երևում է, թե ինչպես են հայերը, հավաքված հնագույն վանքի շուրջ, վերջին անգամ երգում իրենց օրհներգը՝ պատրաստվելով արտաքսման: Այս մասին ասում է New York Post պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ Ռոբերտ Նիկոսլոնը:
«Այս փոքր քրիստոնյա ազգի նվաստացումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնք երկուսն էլ Ամերիկայի դաշնակիցներն են, խոսում է ԱՄՆ իշխանության սահմանափակ լինելու և Միջին Արևելքի քրիստոնյաներին աջակցելու նոր ռազմավարության անհրաժեշտության մասին»,- ասվում է հոդվածում:
Հոդվածագիրը նշում է, որ ժամանակին մեծամասնություն կազմող քրիստոնյաների թիվը նվազում է այժմ մեծամասամբ մահմեդականներով բնակեցված նահանգներում, որտեղ նրանց իրավունքները երբեմն չեն պաշտպանվում:
«Սովորաբար այսպես է լինում. քրիստոնյա ժողովուրդը հարձակման է ենթարկվում, իրավապաշտպանները գործողություններ են պահանջում քաղաքական գործիչներից, իսկ քաղաքական գործիչները, թեև խոսքով ծառայելով ամերիկյան արժեքներին, անտեսում են նրանց պահանջները՝ վախենալով կողմնակալ երևալ»,- նկարագրում է Նիկոլսոնը:
«Հարկ է նկատել, որ նախագահ Թրամփն ավելին է արել կրոնական փոքրամասնությունների համար, քան որևէ այլ նախագահ պատմության մեջ: Այդուհանդերձ, 6-շաբաթյա պատերազմի ընթացքում նա չի փորձել կանգնեցնել Ադրբեջանին և Թուրքիային, էլ ուր մնաց հայերին օգնություն ցուցաբերեր: Նրա պատճառաբանությունը պարզ է. արտաքին քաղաքականությունը վերաբերում է շահերին, և հարաբերություններն ուժեղ մեծամասնության հետ մշտապես գերակշռում են թույլ փոքրամասնությունների իրավունքներին»,- ընդգծում է հեղինակը՝ հավելելով,- «Մի կողմն դնելով բարոյական փաստարկները՝ մեր ազգային շահը պահանջում է, որ Վաշինգտոնը քայլ անի՝ զսպելու Անկարայի՝ նոր կայսրություն ստեղծելու երազանքները»:
«Չափազանց ուշ չէ Հայաստանին օգնելու համար, սակայն մեր հին մոտեցումներն այլևս չեն աշխատի: Այն, ինչ հարկավոր է անել արևմտյան քրիստոնյաների մտահոգության աճն է՝ շոշափելի ներդրումների տեսքով»,- եզրափակում է հոդվածագիրը՝ վերհիշելով հին հայկական ասացվածքը. «Ուս-ուսի տանք, սարեր շուռ կտանք»:










