SpaceX-ն իրականացրել է Falcon 9 հրթիռակրի 100-րդ արձակումը

10:22 • 25.11.20

Ամերիկյան SpaceX ընկերությունը նոյեմբերի 24-ին արձակել է Falcon 9 հրթիռակիրը՝ 60 Starlink միկրոարբանյակների 16-րդ խմբաքանակով։ Հրթիռակիրն արձակվել է Կանավերալ հրվանդանից։

Հրթիռակրի առաջին աստիճանը նախկինում արդեն օգտագործվել է ևս վեց մեկնարկի իրականացման համար։ Ինչպես գրում է Space.com պորտալը, առ այսօր Falcon 9-ի այս մասը երբեք չի կիրառվել յոթ անգամ։ Պորտալի տեղեկություններով՝ SpaceX ընկերությունն այս տեսակի հրթիռ արձակում է արդեն հարյուրերորդ անգամ։

Մեկնարկից քիչ անց իրականացվել է Falcon 9-ի առաջին աստիճանի վայրէջքն Ատլանտյան օվկիանոսում գտնվող «Of Course I Still Love You» տախտակամածի վրա։

«60 Starlink արբանյակների դուրսբերումը հաստատվել է», - նշված է ընկերության թվիթերյան էջում։

Starlink ցանցը նախատեսված է Երկրի ուղեծրում մինչև 500 կգ կշռող փոքր սարքերի մեծ քանակության տեղակայման շնորհիվ համացանցին հասանելիություն ապահովելու համար։ SpaceX-ի գնահատմամբ՝ 11 հազար արբանյակի արձակումն ու գործարկումը, ընհանուր առմամբ, կարժենա 10 միլիարդ դոլար։ Առաջին 60 Starlink արբանյակները տիեզերք են դուրս բերվել 2019 թվականի մայիսին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

SpaceX-ն իրականացրել է Falcon 9 հրթիռակրի 100-րդ արձակումը